Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրը վերաբացվեց
Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրը: Մեկ դար առաջ Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված հայրապետանիստը մեկ դար անց մեկ այլ բարերարի՝ Սամվել Կարապետյանի ջանքերով նորովի կներկայանա այցելուներին:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը լրագրողներին ողջունեց իր նստավայրում, ապա շնորհակալությամբ ու բարեմաղթությամբ հիշեց Վեհարանի բարերարներին ու եկեղեցու նվիրյալ բոլոր զավակներին.
«Վեհարանը, ինչպես գիտեք, կառուցվել է գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Մանթաշյանի ազնիվ նվիրաբերությամբ, սակայն, ցավոք սրտի, այն երկար ժամանակ չի ծառայել իր նպատակին. գործածվել է՝ իբրև զինվորական հոսպիտալ, և միայն 1962 թվականին լուսահոգի Վազգեն Վեհափառ հայրապետի ջանքերով հնարավոր եղավ Վեհարանի շինությունը վերադարձնել Մայր աթոռին: Այդ թվականից ի վեր Վեհարանը ծառայում է՝ որպես հայրապետների համար նստավայր, և իր առաքելությունն է իրականացնում մեր ժողովրդի կյանքում՝ նրա հոգևոր, ազգային, մշակութային կյանքի բարեզարդմանն ի նպաստ: Մենք փառք և գոհություն ենք տալիս, որ այսօր շնորհիվ մեկ այլ ազգային մեծ բարերարի՝ Տեր և Տիկին Սամվել Կարապետյան ամոլի, հնարավորություն ունեցանք վերանորոգված տեսնելու այս պատմական շինությունը»:
Իրականացված աշխատանքները լրագրողներին ներկայացրին Մայր աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ սրահ առ սրահ շրջելով լրագրողների հետ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ, բացի Վեհարանի վերակառուցումից, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից շենքին կից կառուցվել է նաև մատուռ և հանդիսությունների սրահ, որը Վեհարանը չի ունեցել:
168.am–ի հարցին ի պատասխան՝ թե ինչքան գումար է ծախսվել վերակառուցման համար, Սրբազան հայրը նշեց, որ տեղյակ չէ, քանի որ ծախսերը հոգացել է բարերարը: Ավելի ուշ «Տաշիր» բարեգործական ընկերության ներկայացուցիչներից տեղեկացանք, որ ծախսվել է շուրջ 30 միլիոն դոլար:
Մանրամասները՝ մեկ դիպաշարով
Հ. Գ. XX դարասկզբին անվանի հայ գրողներից Ալեքսանդր Շիրվանզադեն իր մի գրությամբ Մատթեոս Բ. Իզմիրլյան Ամենայն Հայոց կաթողիկոսին հայտնում է, որ ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը փափագում է «Վեհափառ Հայրապետի համար կառուցանել իր ծախքով մի վայելուչ կացարան»:
1910 թ. հունիսի 6-ին Մատթեոս Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ կատարվում է Վեհարանի հիմնարկեքը: Ճարտարապետ Պողոս Զոհրաբյանը նախագծում է շենքը:
Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվում են 1914 թ.՝ Տ. Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ժամանակ, բայց նա նույնպես հնարավորություն չի ունենում ամբողջապես ավարտելու Վեհարանի շինությունը և այնտեղ հաստատվելու, քանի որ սկսվում է Առաջին աշխարհամարտը, ամիսներ անց` Հայոց ցեղասպանությունը, հետո հիմք է դրվում Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Այդ տարիներին նորակառույց Վեհարանը ծառայում է՝ որպես զինվորական հիվանդանոց, գաղթականների ու որբերի ապաստարան: Առաջին Հանրապետության տարիներին Վեհարանը վերածվում է զորանոցի, որտեղ տեղակայվում է զինվորական հրամանատարությունը: Իսկ 1920 թ., երբ Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, բռնագրավվում է նաև Վեհարանը:
1957 թ. միայն Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի դիմումին ընդառաջ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ա. Բուլգանինի կարգադրությամբ՝ Վեհարանը վերադարձվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: 1958-1962 թթ., աջակցությամբ Մայր աթոռի բարերարների, Վեհարանը վերակառուցվում է և Գերաշնորհ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի մուտքով դառնում է Հայրապետանիստ:
Զարուհի Դիլանյան