«Արժեր՝ գոնե խոսնակի ելույթը պատրաստելիս, մի փոքր մասնագիտական կոմպետենտություն դրսևորել». սահմանադրագետ

Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեք մտահոգություններին: Մտահոգությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշմանը, ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը:

168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի ելույթին, ասաց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սպառիչ թվարկում է Ազգային ժողովի նախագահի լիազորությունների շրջանակը, Սահմանադրության 6-րդ՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչից բխում է, որ վերոնշյալ ելույթը ոչ միայն չէր բխում ԱԺ նախագահի լիազորություններից, ինչի արդյունքում հերթական անգամ խախտվեցին մի շարք սահմանադրական կարգավորումներ, այլև՝ հերթական ուղղակի միջամտությունն էր Դատական իշխանության գործունեությանը, և հերթական անգամ խախտվեց Սահմանադրության 4-րդ հոդվածը՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը։

«Այսինքն՝ խորհրդարանական Հանրապետության խորհրդարանի խոսնակն Ազգային ժողովի ամբիոնից մեկնաբանում և քննադատում է սահմանադրական այլ մարմնի՝ Սահմանադրական դատարանի գործունեությունը՝ որակավորում տալով կոնկրետ գործով ընդունված որոշմանը, այն դեպքում, երբ այդ գործով ընդհանուր իրավասության դատարանում քննություն է ընթանում՝ արտաքին ճնշում գործադրելով դատարանի վրա»,- ասաց սահմանադրագետը։

Ըստ Գոհար Մելոյանի՝ այն, որ ելույթում նշվեց, որ Սահմանադրական դատարանը պատշաճ չի քննարկել ու որոշում կայացրել ՍԴ-ի 3 դատավորների Ռ. Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ, սա տարրական իրավական ավանտյուրա է, ինչը դարձել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատաոճը, բայց որ նմանաբնույթ հայտարարություն կհնչեցնի ԱԺ նախագահը՝ իսկապես անակնկալ էր։

«Արժեր՝ գոնե խոսնակի ելույթը պատրաստելիս, մի փոքր մասնագիտական կոմպետենտություն դրսևորել և իրավական ամուր փաստարկներ ներկայացնել։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում։

Այսինքն՝ կոնկրետ դատավորների գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին միջնորդությունը պետք է ներկայացվեր՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում կայացնելու շրջանակներում /2019 թ. հունիսի 21-ին/, ինչպես սահմանադրական օրենքի համաձայն` արվել էր Վահե Գրիգորյանի դեպքում։ Մինչդեռ՝ կոնկրետ դատավորների կողմից գործի քննությանը մասնակցության անհնարինության մասին միջնորդություն էր ներկայացրել սույն թվականի օգոստոսի 28-ին, և, բնականաբար, այն չէր կարող քննվել»,- նշում է սահմանադրագետը։

Եվ, վերջապես, ըստ բանախոսի, ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումները ստանալուն, պարոն Միրզոյանի ելույթից էլ պրիմիտիվության աստիճանի պարզ է, որ ԱԺ-ի կողմից թույլ է տրվել ընթացակարգի խախտում։

«ՍԴ աշխատակազմը չէր կարող ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումները տրամադրել ԱԺ աշխատակազմին, քանի որ ԱԺ աշխատակազմը գործի կողմ, միաժամանակ՝ նաև դիմող սուբյեկտ չի հանդիսանում, հետևաբար՝ ընթացակարգը պահպանելու պարագայում, այսինքն՝ այն դեպքում, երբ ԱԺ նախագահը  կդիմի Սահմանադրական դատարանին, կարծում եմ՝ համապատասխան նյութը կտրամադրվի, այս դեպքում՝ ԱԺ նախագահը բարձրաձայնեց իրենց իսկ կողմից թույլ տված սխալը, և կարծում եմ՝ սխալ ուղղությամբ էր վրդովմունք արտահայտում։ Ավելին, ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումները դատավարական փաստաթղթեր չեն հանդիսանում, հետևաբար՝ ըստ իս, անգամ ընթացակարգի պահպանմամբ դիմելու պարագայում էլ ՍԴ-ն իրավասու է չտրամադրել այդ դիմումները»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս