«Կամ Վահե Գրիգորյանը չի տիրապետում իր գործունեության բնագավառը կարգավորող օրենքի տարրական կարգավորումներին, կա՛մ սա հերթական փորձն է՝ ստվերելու ՍԴ-ն». սահմանադրագետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ վերջինիս պաշտպանների դիմումի քննությանն ընդառաջ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի` այդ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նախկինում նրանք առնչվել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանին վերաբերող դիմումը քննելիս:

ՍԴ-ն այդ դիմումը նույնիսկ չքննարկեց, և Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռ կայացվեց, բացի Վահե Գրիգորյանից, բարձրագույն դատարանի բոլոր դատավորների մասնակցությամբ:

Իրավական այս թնջուկի առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց սահմանադրագետ Գոհար Մելոյանից:

«Եթե հիշում եք, «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննության ընդունելու մասին» ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշումն ընդունվել էր դեռևս սույն թվականի հունիսի 21-ին։

Ընդ որում՝ նույն օրն ընդունվել էր նաև ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշումը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում»,- ասաց Գոհար Մելոյանը։

Վերջինիս կարծիքով` սա նշանակում է, որ Վահե Գրիգորյանը պետք է բարձրաձայներ կոնկրետ դատավորների` գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում կայացնելու շրջանակներում, ինչպես սահմանադրական օրենքի համաձայն` արվել էր իր դեպքում։ Մինչդեռ Վահե Գրիգորյանը կոնկրետ դատավորների կողմից գործի քննությանը մասնակցության անհնարինության մասին միջնորդություն էր ներկայացրել սույն թվականի օգոստոսի 28-ին։

Հետևաբար՝ Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված միջնորդությունը չէր կարող քննվել։ Ավելին՝ գործը քննության ընդունելուց 2 ամիս անց ներկայացրած միջնորդությունը Սահմանադրականի դատարանի կողմից քննության առնելը կհանդիսանար գործող իրավակարգավորումների ակնհայտ և կոպիտ խախտում։

«Վերոնշյալ իրավիճակը լրացուցիչ հարցադրումների տեղիք է տալիս. կա՛մ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրգորյանը չի տիրապետում անգամ իր գործունեության բնագավառը կարգավորող օրենքի տարրական կարգավորումներին, կա՛մ սա հերթական փորձն է՝ մանիպուլյատիվ մեկնաբանելով իրավական կարգավորումները՝ ստվերելու Սահմանադրական դատարանը»,- եզրափակեց սահմանադրագետը։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս