
«Այս պահին Հովհաննես Իգիթյանին փոխարինելու հարցի քննարկում չկա». ՔՊ խոսնակ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը:
«Մեր տեղեկություններով՝ դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, եւ դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:
Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, եւ Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել»,- գրել էր թերթը:
ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ԵԽԽՎ-ում Հովհաննես Իգիթյանին փոխարինելու հարցի քննարկում չկա։
Իսկ նման խոսակցություն եղե՞լ է՝ հարցին, Վ. Կոստանյանն արձագանքեց, որ հարցին արդեն պատասխանեց։
Զվարթ Խաչատրյան