«Եթե այս ամենը պատվեր չէ, դատախազությունը պետք է բավարարի մեր բողոքը». Սանասարյանի փաստաբան
Օրերս Դավիթ Սանասարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել ԱԱԾ՝ Սանասարյանի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, սակայն այն մերժվել է։ Այս մասին Դավիթ Սանսարյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։
Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։
Իրավական Հայաստանն այլընտրանք չունի»։
Սիրում եմ բոլորիդ
Հ.Գ. Սիրելի լրագրողներ, մինչև ասուլիս հարցազրույց չեմ տալու, խնդրում եմ ընդունել ի գիտություն, իսկ ասուլիսի մասին կտեղեկացնեմ»,- գրել էր նա։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել են դատախազությունում։
«Մեր բողոքը գտնվում է դատախազությունում, սպասում ենք պատասխանի։ Գտնում ենք, որ ԱԱԾ-ի որոշումն իրավաչափ չ՝ և չի բխում օրենքից։ Եթե այս ամենն իրականում պատվեր չէ, մենք հույս ունենք, որ դատախազությունը պետք է բավարարի մեր բողոքը»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ բոլոր քայլերը փաստում են, որ այս գործը «պատվեր» է Դավիթ Սանասարյանի դեմ, որովհետև նախաքննության ընթացքում տարբեր լուրեր էին տարածվում լրատվականներում, որոնք օդից կախված էին, բայց հետագայում պարզվեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Այս ամենից հետո իմ պաշտպանյալը նույնիսկ հրապարակեց օպերատիվ գրություն, պարզ դարձավ, որ այդ ամենը հերյուրանք է իր նկատմամբ։ Այսքանից հետո, եթե նրա նկատմամբ շարունակում է այս ապօրինի քրեական մեղադրանքը, մենք շարունակում ենք մնալ նույն կարծիքին»,- շեշտեց նա։
Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգան մամուլի ասուլիսով և կպատասխանե բոլոր հարցերին։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։
Ըստ ԱԱԾ-ի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ իրեն առաջադրված մեղադրանքը Դավիթ Սանասարյանը չի ընդունում՝ նշելով, որ այն «կարված գործ է»։
Զվարթ Խաչատրյան