Ռաբիս քաղաքականություն

Օրերս ընկերս շատ դիպուկ գնահատական տվեց․ «Նիկոլը քաղաքականության Սպիտակցի Հայկոն ա»։ Ակամայից հիշեցի 20 և ավելի տարի առաջ «Առավոտում» հրապարակած շարքս քաղաքական ռաբիսի մասին։ Դժվար էր ռաբիսի սահմանում տալը, բայց «Առավոտի» խմբագրապետ Արամ Աբրահամյանի հետ միասին, ով նաև երաժշտագետ է, եկանք այն եզրակացության, որ ռաբիսը երաժշտության սուռոգատն է։ Բնականաբար, ռաբիս քաղաքականությունն էլ սուռոգատային քաղաքականությունն է։

20 տարի առաջ կարող էինք պահանջել, բայց դժվար էր ակնկալել, որ քաղաքական բոլոր ինստիտուտները կայացած կլինեն այնպես, որ սուռոգատների՝ փոխմիջոցների փոխարեն,  մենք գործ կունենանք իրական խորհրդարանի, իրական կուսակցությունների կամ մարդու իրավունքների իրական պաշտպանության հետ։

Ժամանակի ընթացքում կայացած ինչ-որ քաղաքական կառուցվածքներ այնքան կայունություն չունեին, որ կարողանային դիմագրավել հեղափոխությանը։ Հեղափոխությունը եկավ իր բնական նեգատիվիզմով և քանդեց եղած ինստիտուտները։ Սակայն, փորձելով շատ արագ ստեղծել սեփականները, այն իրականությունը լցրեց ավելի սարսափելի սուռոգատներով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ինստիտուցիոնալ խնդիրներն ակնհայտորեն ավելի խորացան՝ ընդհուպ մինչև շատ ինստիտուտների վերացման վտանգ, սակայն տարվող քաղաքական ռաբիսությունն ավելի ակնհայտ է քաղաքական մեթոդաբանության, քաղաքական տեքստերի մեջ։

Համեմատենք Սպիտակցի Հայկոյի և Նիկոլ Փաշինյանի տեքստերը․ «Գիշերվա հազարն ա/ Սիրտդ սառույցի պես սառն ա/ Ռիթմը զգա հենց հիմա/ Ու էլ ինձանից դու մի հեռանա/ Քո համար հարմար ա/ Որ հիմա մեր մեջ դադար ա» և «Լրատվական դաշտի 90 տոկոսը պատկանում է կամ նախկին իշխանություններին կամ մեզ՝ընդդիմադիր ուժերին/ նախկին իշխանությունները փորձում են մեր իշխանությունները հանրապետականացնել/ նրանք գրում են․ «նոր իշխանության ներկայացուցիչները խաշ են ուտում»։ Ակնհայտ է, որ երկու դեպքում նախնական պնդումը չի համապատասխանում եզրակացությանը, և տրամաբանությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ է լավ էմոցիոնալ մատուցում, և հանուն ճշմարտության պետք է ասել, որ երկու կատարողներն էլ լավ են մատուցում։

Եթե քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի վերբալ հարստությունը հանրային, հատկապես՝ հանրահավաքային ելույթների ժամանակ, ապա այն ընդգրկում է բակում բլոտ խաղացողից մինչև միջին կրիմինալի դիապազոնը՝ «պատերին կծեփենք, ասֆալտին կփռենք, հանգիստ նստեք տեղներդ»։

Միաժամանակ, երբ կարդում ենք Նիկոլ Փաշինյանի հոդվածները նախկինում, կամ առաջնորդողներն այժմ, ապա տեսնում ենք, որ նա տիրապետում է ժամանակակից հայերենի բավականին հարուստ բառապաշարի, տրամաբանական զարգացումներն էլ, թեև մանիպուլյատիվ, բայց բավականին ամբողջական են։

Եվ բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հետ խոսում հատուկ աղավաղված, ռաբիս լեզվով։ Մի բացատրությունն այն է, որ նրա հետևորդները հիմնականում պողոսներն են, ում համար այս լեզուն ավելի հասկանալի է։ Սակայն պողոսների համար ընդունելի է Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոսք՝ անկախ նրա տրամաբանական կամ էմոցիոնալ բովանդակությունից։ Սա այն զանգվածն է, ով չի էլ մտածում, թե իր սոցիալական վիճակը երբևէ լավանալու է, սա 5 հազար դրամով իր քվեն ծախողն է, իսկ հիմա, երբ ընտրակաշառք չկա, հանգիստ բավարարվում է եղած կրկեսով։ Սա «դուխով» քաղաքացին է։ Սա այն էլեկտորատն է, որի հետ իմաստ չունի ժամանակ ծախսելը, քանի որ այն միշտ էլ լոյալ է քեզ։

Ավելի հավանական է, որ այս խոսքի հիմնական հասցեատերը, այսպես կոչված, advanced պողոսն է՝ պայմանական «պողոս+»-ը՝ այն քաղաքացին, ով փողոց է փակել, «դըմփ-դըմփ, հու» է արել՝ հույսով, որ իր վիճակը բարելավվելու է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը պողոս+ին պողոս դարձնելն է։

Սոցիոլոգիական հանրահայտ փաստ է, որ, եթե չափահասի հետ միշտ խոսում ես՝ ինչպես 12-ամյա պատանու, ապա ժամանակի ընթացքում նա սկսում է մտածել ու գործել՝ որպես դեռահաս։ Որպես կարևոր հանգրվան, օրինակ, կարելի է համարել այն, երբ պողոս+ները սկսում են ընդունել, որ հեղափոխության կարևորագույն նպատակը Ռոբերտ Քոչարյանին նստացնելն էր։ Ի դեպ, այս պարագայում ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանը չպետք է նահանջի «հեղափոխության նպատակից» և ազատ չարձակի Քոչարյանին։

Նիկոլ Փաշինյանին հետևում է իր քաղաքական թիմը՝ նախարարները, պատգամավորները, փոխթաղապետերը։ Եթե Սերժի ժամանակ Շմայսը փորձում էր սովորել իր մտքերն արտահայտել կապակցված, ապա այժմ անգամ բարձրագույն կրթություն ստացած և արտասահմաններում թրեյնինգներ անցած իմքայլականները շմայսանում են՝ այնպիսի բառակույտ են լցնում, որտեղից ոչ մի տրամաբանական կապ չես կառուցի։ Պողոս+ները, որոնք արդեն 12-ամյա քաղաքական դեռահասներ են, հասկանում են, որ իրենց նույնիսկ ոչ թե խաբում են, այլ «քյոլում», բայց դա իրենց քաղաքական բակում ընդունված կանոնն է, և հնազանդվում են խաղի կանոններին։

Սկաուտական հայտնի «բարձրացիր՝ բարձրացրու»-ի փոխարեն՝ նպատակ է դրվում իջեցնել, նսեմացնել զանգվածին։ Եվ սա վերաբերում է հանրային հարաբերությունների ու սոցիալական կյանքի ողջ սպեկտրին։ Ինչ-որ արժեքային-գնահատականային միասնականությամբ գեղագիտական այսպիսի զիջումները հանգեցնում են էթիկական լուրջ նահանջի։ Նկատենք, որ արդեն չկան ժպտացող մարդիկ, մարդիկ ավելի արմատական են, ավելի կոպիտ, ավելի ջղային ու անթրաշ։

Ու երբ, ասենք, մի ամսվա բացակայությունից հետո նորից ես մտնում հայաստանյան իրականության մեջ, շատ սուր ես զգում առավել գաղջացած մթնոլորտը, հաստատված խորը ռաբիսը։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս