Ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության վերացման հետևանքները ծանր են լինելու. Կառավարությունը դեռ տաք է

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։ Չնայած դրա կարևորությանը, կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել այդ արտոնությունը գոնե ևս մեկ-երկու տարի պահպանելու համար։ Դրա համար կարծես առանձնահատուկ ջանքեր էլ չգործադրվեցին, թեև գործ ունենք մի իրավիճակի հետ, որի հետևանքները շատ տխուր են լինելու, ու կառավարությունը շուտով դա զգալու է։

Արդեն հաջորդ տարվա սկզբից Հայաստանի համար գործելու են բոլորովին այլ հարաբերություններ. երրորդ երկրներից կատարվող ներմուծումների դեպքում կտրուկ ավելանալու է ավտոմաքսատուրքը։ Դա վերաբերելու է հատկապես այն մեքենաներին, որոնց պահանջարկը Հայաստանում ավելի բարձր է։ Խոսքը մասնավորապես 10-ից ավելի տարիք ունեցող տրանսպորտային միջոցների մասին է, որոնք առավել հասանելի են հայաստանյան սպառողին` համեմատաբար մատչելի գների պատճառով։ Մաքսատուրքի արտոնության դադարեցումից հետո այդ մեքենաների ձեռքբերումը շատերի համար այլևս կդառնա անհնարին։

Բայց խնդիրը ամենևին էլ միայն դա չէ։ Երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային արտոնյալ ժամկետի վերացումից հետո շատերը կանգնելու են գործազրկության փաստի առջև։ Վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիներ այս ոլորտում էին վաստակում իրենց հացը։ Մաքսատուրքերի բարձրացումից հետո նրանք կորցնելու են այդ հնարավորությունը։ Եվ ընդհանրապես կտրուկ կրճատվելու է Հայաստան մտնող տրանսպորտային միջոցների թիվը։

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստան բերվող ավտոմեքենաների զգալի մասը, գուցե նույնիսկ մեծ մասը, գնում է Եվրասիական միության անդամ երկրներ։ Գնորդները դրանք ձեռք են բերում հայկական շուկայում` որոշակի եկամուտներ ապահովելով ավտոմեքենաների առք ու վաճառքի ոլորտում զբաղված հայաստանյան քաղաքացիների համար։

Այս երևույթը, իհարկե, նոր չէ, այն ավելի վաղ էր սկսվել, սակայն ակտիվացավ հատկապես վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում։ Դրա վկայություններից մեկն էլ ներմուծվող մեքենաների թվի կտրուկ ավելացումն է։ Անցած տարի այն հասավ 67 հազարի, ինչը ռեկորդային ցուցանիշ էր տրանսպորտային միջոցների ներմուծման առումով։

Ակտիվությունը շատ ավելի բարձր է այս տարի։ Արդեն տարեսկզբի յոթ ամիսներին այնքան մեքենա է մտել Հայաստան, որքան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ դրանց թիվը կարող է հասնել ընդհուպ մինչև 140-150 հազարի։ Գուցե նույնիսկ ավելի շատ լինի։

Չնայած վերջին շրջանում արդեն սկսել են որոշակի նախազգուշական միջոցառումներ կիրառել` հետագայում ավտոմեքենաների ներմուծման ժամանակ ի հայտ եկող հնարավոր բացասական երեևույթներից խուսափելու ակնկալիքով։ Մասնավորապես հայաստանյան ներմուծողների համար սահմանափակվել են որոշ շուկաներից տրանսպորտային միջոցների հետագա ձեռքբերման հնարավորությունները։ Կան մտահոգություններ, որ մաքսային նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու պահին կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, եթե շարունակվի նույն տեմպով մեքենաների գնումը։ Կասկած չկա, որ կգտնվեն բազմաթիվ ներմուծողներ, ովքեր չեն հասցնի տեղավորվել սահմանված ժամկետների մեջ։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ կառավարության համար։

Ժամանակին հազիվ հաջողվեց դուրս գալ նման մի իրավիճակից, երբ գործողության մեջ մտավ աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման արգելանքը։ Մի քանի ամիս պահանջվեց կառավարությունից, մինչև հնարավոր եղավ ինչ-որ միջանկյալ լուծում գտնել։ Այն պարագայում, երբ խնդիրը զուտ հայաստանյան էր և կարգավորվում էր ներքին օրենսդրական դաշտում։

Այս անգամ շատ ավելի բարդ է լինելու, եթե կրկին բախվենք նման իրավիճակ հետ։ Թերևս, դա էլ ստիպել է էս գլխից միջոցներ ձեռնարկել այդպիսի դրության մեջ չհայտնվելու համար։

Հաջորդ տարվա սկզբից երրորդ երկրներից ներմուծվող տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքի արտոնության վերացումը խնդիր է դառնալու ոչ միայն այս ոլորտում զբաղված քաղաքացիների, այլև կառավարության համար։ Կտրուկ կրճատվելու է մեքենաների ներմուծումը, ինչի հետևանքով պետական բյուջեն զրկվելու է բավական լուրջ եկամուտներից։ Մեկ մեքենայի ներմուծումից բյուջեն սովորաբար ստանում է միջին հաշվով առնվազն 1000 դոլարին համարժեք գումար։

Այնպես որ, դժվար չէ հաշվել, թե ինչ եկամտի կորստի մասին է խոսքը։ Այն կարող է հասնել ընդհուպ մինչև 150 մլն դոլարի։ Կասկած չկա, որ մաքսատուրքի նոր դրույքաչափերի կիրառումից հետո առնվազն առաջիկա մի քանի տարին հաշված թվով տրանսպորտային միջոցներ են բերվելու Հայաստան։ Ու հիմա, ինչքան էլ կարծես ինչ-որ փորձեր են անում մեղմելու մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը` դա զուտ ձևական բնույթ է կրելու։ Այն, ինչ նախատեսվում է նոր մեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ գծով, որևէ էական ազդեցություն չի ունենալու։

Ինչպես հայտնի է, առաջարկվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենաների ներմուծման ժամանակ կազմակերպությունների համար ԱԱՀ-ն հետաձգել կամ չկիրառել։ Խոսքը մեկ տարի ժամկետով գործող արտոնության մասին է, որը ոչինչ չի փոխելու շուկայի այսօրվա մասնակիցների համար։

Եվ վերջապես` ոչ պակաս լուրջ ռիսկեր են առաջանալու նաև ֆինանսական շուկայում. կրճատվելու են այն տարադրամային հոսքերը, որոնք առաջանում են տրանսպորտային միջոցների մի մասը ԵԱՏՄ անդամ այլ երկրների սպառողների վերավաճառելու արդյունքում։ Արդեն հնչում են կանխատեսումներ, որ դրա հետևանքով կարող են խնդիրներ ստեղծվել ազգային արժույթի կայունության համար։

Ակնհայտ է, թե ինչքան ռիսկեր կան թաքնված երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման տակ, որոնց առաջիկայում կառավարությունը բախվելու է. մի կողմից՝ մեծ կորուստներ է ունենալու պետական բյուջեն, մյուս կողմից՝ տուժելու է ֆինանսական շուկան։ Բայց, որ պակաս կարևոր չէ` մեծանում է գործազրկության վտանգը, երբ առանց այդ էլ կառավարությունը պատրաստ չէ ոլորտում զբաղված հազարավոր քաղաքացիներին այլընտրանք առաջարկել։

Աշխատատեղերի բացակայության խնդիրը Հայաստանում ինչպես եղել է, այնպես էլ մնում է։ Ինչքան էլ վարչապետը հայտարարի աշխատատեղերի ավելացման մասին, գործազրկության մակարդակը Հայաստանում գնալով ավելանում է։ Իշխանափոխությունն այդ առումով այդպես էլ ոչինչ չտվեց։ Ընդհակառակը` ավելի սրեց իրավիճակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս