«2050 թվականին ջրի գինը ոսկուց թանկ է լինելու»
Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարը ապաշրջափակելու որոշումը պետք է ուղեկցվի մեկ այլ որոշմամբ՝ խիստ վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության վրա: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններից ժառանգություն է ստացել և չի կարող ասել՝ ոչ: Ես կարծում եմ, որ ապաշրջափակելու որոշումը պետք է ուղեկցվի մեկ այլ որոշմամբ՝ խիստ վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության վրա: Ամուլսարը մենակ չէ: Կարծում եք՝ Սոդքի հանքը վտա՞նգ չէ: Ուղղակի Ամուլսարում ռուսական չի, և այստեղ նրա բոլոր դրածոները, նրա վարձկանները մոբիլիզացվել են ու ժողովրդին հանել են ոտքի: Ժողովուրդը չգիտեր՝ Ամուլսարը որտեղ է»:
Ազգրագրագետ Հրանուշ Խառատյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, թե վստահ է՝ կան մարդիկ, ովքեր ոչ մի տեղից չեն «սնվում» և պայքարում են Ամուլսարի սար մնալու համար:
«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ հանքը շահագործվի: Բայց նրա չուզելը հիմա էական դեր չի խաղում: Լուրջ դեր է խաղալու հանրային այն կարծիքը, որը ժխտողաբար է վերաբերվում հանքի շահագործմանը»:
Ըստ պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ավելի լավ է՝ ֆինանսական կորուստ կրել և հանքը չշահագործել, քան վտանգել խմելու ջրի մեր պաշարները:
«Ամուլսարը պետք է 40 տոննա ոսկի արտահանի ընդամենը, մինչդեռ 2050թ. ջրի գինը ոսկու գնից թանկ է լինելու: Մենք Ամուլսարով վտանգում ենք մեր խմելու ջրի 4 գլխավոր աղբյուրները: Նիկոլ Փաշինյանը բախվել է միջազգային հզոր տնտեսական ուժի, բայց մեր հանրային շահը պետք է վեր դասվի»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



