«Հիմա կարո՞ղ եք ինձ բացատրել՝ այս երկրի գյուղատնտեսությունն ով է վարում». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում պետք է զարգանա արդյունաբերական գյուղատնտեսությունը, ասաց, որ Փաշինյանին ճիշտ բառը չեն ասել. խոսքն ինտենսիվ գյուղատնտեսության մասին է:

«Բառերը չեն իմանում, էլի, թե որտեղ ինչ օգտագործեն: Իհարկե, ինտենսիվ գյուղատնտեսության դեպքում արտադրանքի ինքնարժեքը ցածր է: Ես համամիտ եմ պարոն Փաշինյանի հետ, բայց դրա համար պետք է նոր բարձր վերարտադրության տնկանյութ, բարձր որակի պարարտանյութ, որը չի ստանում գյուղացին, բարձր որակի թունաքիմիկատներ, իսկ շուկայում ամեն աղբ թափանցում է: Այսօր մասսայական բողոքներ կան, որ ինչ-որ թունաքիմիկատ է հայտնվել շուկայում, որից խաղողի բերքը փչանում է: Այսինքն՝ անդորրագիր չեն տվել գյուղացուն, գյուղերում բաժանել են: Թունաքիմիկատի երկու ձև կա, որոնց դեմ պետք է պայքարել. մեկն ինքնուս քիմիկոսներն են իրենց տանը պատրաստում, երկրորդը կեղծ որակի թունաքիմիկատներն են, որոնք էժան են, չունեն անձնագիր»,- ասաց Բերբերյանը՝ ընդգծելով, որ ՍԱՊԾ-ն չի կարողանում վերահսկել, որովհետև ձևավորվել է շատ թույլ օրենսդրական դաշտով:

«Ժամանակին, երբ ՍԱՊԾ-ն նոր էինք ստեղծում, շատ ավելի կայացած կառույց է, քան հիմա: Օրենքն այնպես են փոխել, որ այդ կառույցը լծակներ չունի ազդելու արտադրողի վրա»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ոռոգման համակարգում օրենքի թերություններ կան՝ մոնոպոլ վիճակ է.

«Հակակարկտային ծառայությունը որևէ բանի պետք չէ: Եթե գնայինք նրան, որ մասնավոր սեկտորը մինչև վերջ բարեփոխեինք, միգուցե Գյուղնախարարությունը մեզ պետք չլիներ, բայց գյուղացուն այսօր մենակ են թողել ու մի խումբ ավազակներ գյուղական ծրագրերը թալանում են. դա կլինեն բանկերը, վերամշակողները… Ինչո՞ւ են միայն տոննայով ընդունում խաղողը. պարզ չէ՞՝ ինչու: Նույնը՝ կաթը:

Գյուղացուն թալանում են: Ո՞նց կարող է 3.6 տոկոս յուղայնությամբ կաթը, որը հանձնում է գյուղացին, և ընդամենը 120 դրամ գումար է ստանում մեկ լիտրի դիմաց, շուկայում հայտնվել 500 դրամով: Կամ փորձում ես, տեսնում ես՝ կաթի փոշին առկա է, բայց գրված է՝ անարատ կաթնամթերք: Կամ սպանդանոցներ ստեղծեցին. Գեղարքունիքի մարզում, որտեղ կա 100 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այնտեղ երկու նախագիծ այդպես էլ չի կառուցվել: Կոտայքում դրա կեսն է, բայց 4 սպանդանոց են ստեղծել: Հիմա կարո՞ղ եք ինձ բացատրել՝ այս երկրի գյուղատնտեսությունն ով է վարում: Որտեղ անասնապահությունը շատ է, այնտեղ սպանդանոցներ չկան: Այդ սպանդանոցները կարող են թուղթ վաճառել, որ իրենց սպանդանոցով է անցել, կնիքը դնեն, նորից բերեն շուկա: Այսինքն՝ բերան ստեղծեցինք, որ գյուղացու գրպանը մեկն էլ մտնի: Երկիրը բնականոն պետք է զարգանա»:

Հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում փորձե՞լ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին և հայտնել իր մտահոգությունները:

«Դիմել եմ Փաշինյանի օգնականին, ինձ լսել են, բայց հետո դա այդպես մնաց. միգուցե պարոն Փաշինյանն ավելի բանիմաց խորհրդականներ ունի, կամ՝ հակառակը: Մի ծաղկով գարուն չի գալիս, թիմային լուծումներ են պետք: Թե չէ Լոնդոնի փողոցներում ման եկածը թի՞մ է»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Հրաչ Բերբերյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս