Հույս ունեմ, որ Մխիթարյանն իր մակարդակի վրա չի լինի. Էդին Ջեկո
Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի անդամ Էդին Ջեկոն հույս ունի, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի որակավորման 6-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի լինի իր բարձր մակարդակի վրա:
Այս մասին լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Ջեկոն: «Ուրախ եմ, որ Մխիթարյանը միացել է «Ռոմա»-ին և հույս ունեմ, որ կօգնի թիմի և կօգնի ինձ որպես հարձակվող լավ արդյունքի հասնելու: Հույս ունեմ, որ առաջիկա խաղին Մխիթարյանը իր մակարդակի վրա չի լինի»,-ասաց նա: Վերջինիս խոսքով՝ Մխիթարյանը դժվարություններ չի ունենա իտալական Սերիա Ա-ում, թեպետ Անգլիայում ֆուտբոլն ավելի դինամիկ է:
Ջեկոն շեշտեց, որ Հայաստանի ընտրանին լավ է գործում պաշտպանությունում և ուժեղ է հակագրոհների ժամանակ: «Մենք թիմով նայել ենք Հայաստան-Իտալիա խաղի առաջին խաղակեսը և գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում»,-ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային:
Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:
Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: