
Հանձնարարվել է ապահովել պաշտոնյաների հեռախոսահամարների հրապարակայնությունը. Տիգրան Ավինյան

Ուսումնասիրության համաձայն՝ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ ՀՀ կառավարությունն այս առիթով տվել է հանձնարարականներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրության ուժով ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:
Կառավարության համար սկզբունքային է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոցով կառավարման համակարգի թափանցիկության, մասնակցայնության և արդյունավետության ապահովումը։
Հաշվի առնելով այս ոլորտում քաղաքացիների բողոքները՝ ուսումնասիրել ենք պետական մարմինների կայքերում պաշտոնատար անձանց հետ կապ հաստատելու մասին առկա տեղեկատվությունը:
Պարզվել է, որ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ Սա խնդրահարույց է, քանի որ արդյունքում տուժում է կառավարման համակարգի թափանցիկությունը, սահմանափակվում է պետական մարմինների հասանելիությունը և դժվարանում է քաղաքացի-պետական մարմին հաղորդակցությունը։
Հանձնարարական եմ ուղարկել պետական գերատեսչություններին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 7-րդ հոդվածում ամրագրված տեղեկությունների մատչելիությունը ու հրապարակայնությունը, ներառյալ պետական մարմինների պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, պաշտոնների, աշխատանքի վայրի հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստի հասցեների հրապարակումն ապահովելու վերաբերյալ։
Պետական մարմիններին հանձնարարվել է նաև իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։
Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողը պետք է հասանելի լինի քաղաքացու համար։ Հանրային իշխանությունը պետք է ապահովի ու պաշտպանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքները»,- գրել է նա։
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2281452625492478?__xts__[0]=68.ARAV8DlwUaqNtJibony61iDiK1AhLRACaWfLWOPoT2YK9T7fTSwqZvBKUs8G2RFmkL37AAixQgeqaQJk6o6s6WH-w8sM8tM-AFowtbKasFhu0j8spA36yvRcoE3z-IRgWwdwbgNo5dzpDx5hyc5iwbBgap1N7YmNTSrRy2Q28B6bzYi8qT6kM1Y6kMQkmFPpZM8Rw18jahNXJ_FiDb2nPlS-wA1l8kx41QqCAlbuZIT7pwV2nYzj3xzEG-vjxGtJa005ZXHJY7o8qvfyXM1-rTRrrDImJjQiMibmwbLmDBcLU4a2-QVHb0196PGPDULxnf_c4FxMVi4XJP60mE5_S8i2&__tn__=-R