«Պարզ է, թե ինչու պետք է լինի թեժ աշուն. Հայաստանում գործընթացները չեն գնում ցանկալի ուղղությամբ, հասունանում է հասարակական դժգոհություն». Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացներն իրական կամ միֆական թեժ աշնան ուղիով են գնում։ Ըստ նրա, մի կողմից՝ ընդդիմությունը հայտարարել է, որ լինելու է թեժ աշուն, մյուս կողմից՝ իշխանությունն աշխատում է  նման բան թույլ չտալ։

«Կարծեք թե պարզ է, թե ինչու պետք է լինի թեժ աշուն, քանի որ Հայաստանում գործընթացները չեն գնում ցանկալի ուղղությամբ, հասունանում է հասարակական դժգոհություն, նույն գործընթացները, ինչ տեղի է ունեցել երկար տարիներ մինչև 2018 թվականը։ Բայց թե ինչու այս աշնանը պետք է թեժ լինի՝ այդքան էլ հասկանալի չէ, գուցե այն պատճառով, որ այս քաոսի մեջ կլինեն բյուրեղացման կենտրոններ, որոնք կփորձեն կենտրոնացնել դժգոհությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա՝ առաջիկայում իշխանությունը կփորձի վերացնել դժգոհության կենտրոնները, օրինակ՝ դրա ձևերից մեկն այն է, որ հրաժարվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից, իսկ Ամուլսարի հարցն էլ եթե չփակի, ապա կգնան այդ խնդրի սառեցման ճանապարհով։

Աղասի Ենոքյանը նաև նկատեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ հասարակությանն իրենց կողմը գրավելու համար, դրանցից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ գրառումներ է կատարում համացանցում։

Կարդացեք նաև

«Եթե այս տրամաբանության մեջ նայեմ, ապա բավականին գովազդված էր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ուսանողներին դրամաշնորհներ տրամադրելը, քանի որ նման բաներ միշտ էլ եղել են, բայց այդ մասին նման կերպ չի լուսաբանվել։ Ավելին՝ նույնանուն քաղաքական ուժի անունով բարեգործական հիմնադրամ բացելն այդքան էլ լավ բան չէր, քանի որ այստեղից կոռուպցիայի հոտ է գալիս»,- ընդգծեց  Աղասի Ենոքյանը։

Անդրադառնալով Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում Հայաստանի կողմից ֆինանսավորվող դիտորդական առաքելությանը և դրա շուրջ ծավալված գործողություններին՝ նա ասաց, որ այս ամենի ճակատագիրը դեռևս անհայտ է, քանի որ պարզ չէ, թե մինչև ուր կարող են գնալ Հայաստանի իշխանությունները, և մինչև ուր կդիմադրեն Արցախի ներկայացուցիչները։

168.am-ի հարցին՝ արդյո՞ք Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելն Արցախի ներքին գործերին միջամտություն է, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ ֆորմալ առումով՝ միջամտություն է, քանի որ Հայաստանն էլ, Արցախն էլ անկախ երկրներ են, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կողմից որևէ խնդրանք չի եղել, որպեսզի Հայաստանը նման դիտորդական առաքելություն իրականացնի։

«Ամբողջ խնդիրն այն է, որ այսքան ժամանակ Հայաստանի և Արցախի ղեկավարներն ունեցել են նույն գենեզիսը, բոլորն էլ եղել են Արցախի շարժումով սերված։ Հիմա Հայաստանում եկել է մի իշխանություն, որն այդ շարժման բնական շարունակությունը չէ։ Այս առումով կա ճանաչողական տարբերություն, և չկա ամբողջական հարմոնիա»,- շեշտեց քաղաքագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս