Բաժիններ՝

Էդ Շիրանը ցանկանում է գլխավոր երաժշտական թեման կատարել Բոնդի մասին նոր ֆիլմի համար

Երգիչ Էդ Շիրանը պատրաստ է գլխավոր թեման կատարել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար: Այդ մասին Music Week պորտալին հայտնել է արտիստի մենեջեր Սթյուարթ Քեմփը:

Նրա խոսքով՝ ֆրանշիզայի ֆիլմերի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիի հետ հանդիպումը տեղի է ունեցել դեռ 2017 թվականին, եւ այն ժամանակ նա հետաքրքրություն էր ցուցաբերել: Քեմփը նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ լրտեսի մասին պատմող 25-րդ կինոնկարի ռեժիսոր էր նշանակվել Դեննի Բոյլը (2018 թվականի օգոստոսին նա դուրս եկավ նախագծից, նրա տեղն զբաղեցրեց Քերի Ֆուքունագան), որը Շիրանին նկարահանել է Yesterday ֆիլմում: «Հասկանալի է, որ նրանք փոխել են ռեժիսորին, սակայն մենք դեռեւս պատրաստ ենք դա անել (երգը ձայնագրել), բայց առայժմ նույնիսկ բանակցություններ չեն եղել»,-նշել է երգչի մենեջերը:

Նա հավելել է, որ Շիրանն ամեն օր իրեն այդ առնչությամբ հարցեր է տալիս: «Եվ ես պատասխանում եմ, որ նրանք երաժշտությամբ զբաղվում են վերջին հերթին»,-պարզաբանել է Քեմփը: Նա ընդգծել է, որ Շիրանը միանշանակ կցանկանար երգ ձայնագրել ֆիլմի համար: Բոնդի մասին նախորդ՝ «007. սպեկտր» կինոնկարի համար գլխավոր թեման կատարել է երգիչ Սեմ Սմիթը:

Writing’s on the Wall կոմպոզիցիան 2016 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում: Տարբեր տարիների բոնդապատումի համար գլխավոր թեմաները կատարել են Ադելը, Մադոննան, Garbage-ը, Duran Duran-ը եւ բազմաթիվ այլ երաժիշտներ: Ջեյմս Բոնդի մասին կինոէպոպեայի 25-րդ մասը էկրան կբարձրանա No Time To Die («Մեռնելու ժամանակ չկա») անվանմամբ: Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2020 թվականի ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս