Բաժիններ՝

Նախարարությունից չի կարող դուրս գալ կրթական որևէ ծրագիր, որը ներառականություն չի ապահովում. ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Երեխաների քաղաք» նախագծի մասին

Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:

Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Փոքրիկ բնակիչներին բանիմաց ու փորձառու մասնագետները կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ դեռևս կարծիք չի կարող հայտնել:

«Կուզեի չշտապել եզրակացություն տալ, որովհետև, եթե լինելու է կրթական ծրագիր, այն անպայման պետք է ներկայացվի նախարարություն: Նախարարությունից չի կարող դուրս գալ կրթական որևէ ծրագիր, որը ներառականություն չի ապահովում, դա բացառված է: Մեր վերաբերմունքը շատ հստակ է, մենք իրականացնում ենք ներառական զարգացում: Տարածքի հատկացում է եղել, իսկ թե բովանդակությունն ի՞նչ է լինելու, դա դեռևս մշակված չէ: Մշակումից հետո կհասնի մեզ, մեր կարծիքը կունենանք»:

Հավելենք, որ ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Մասնավորապես, Պաշտպանն արձանագրում է հետևյալ հիմնարար նկատառումները՝

Սոցիալական տարբեր խմբերին պատկանող և հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը և նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա),

Քաղաքի կառուցումը հակասում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում: Ավելի քան 35 երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարևորում են համայնքի ողջ բնակչության ներգրավվածությունը երեխայակենտրոն քաղաքների ստեղծման գործում, այլ ոչ թե դրա կառուցումը երեխաներին հասարակությունից մեկուսացնելու կամ առանձնացնելու սկզբունքով:

Ծրագրով նախատեսված միայն կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է երեխաների ներառականության տեսանկյունից:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս