Ի՞նչ կտա Հայաստանին Կոբի-Քվեշեթի ճանապարհի կառուցումը
Վրաստանում հայտարարել են Կոբի-Քվեշեթի ճանապարհի շինարարության իրագործման մասին: Ռուս-վրացական սահման տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսվի 2019թ. վերջին և կավարտվի 2023թ.: Ըստ նախագծի՝ կառուցվելու է մոտ 23 կմ ճանապարհ, որը ներառում է 5 թունել և 6 կամուրջ: Նախագծի իրագործման համար անհրաժեշտ 550 մլն դոլարի 350 մլն դոլարը տրամադրում է Ասիական Զարգացման բանկը, իսկ Եվրոպայի Վերակառուցման և զարգացման բանկը տրամադրում է 50 մլն եվրո: Վրաստանի կառավարությունն էլ 150 մլն դոլար կտրամադրի՝ լրացուցիչ ծախսերի համար:
168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցն ասաց, որ Վրաստանում այս նախագիծը քննադատողները մատնանշում են դրա ծախսատարությունը՝ 550 մլն դոլար՝ մոտ 23 կմ ճանապարհի համար:
«Այնտեղ բարդ ինժեներական աշխատանքներ պետք է իրականացվեն, քանի որ մոտ 6 կամուրջ պետք է կառուցվի և 5 թունել, որից ամենաերկարը 9կմ է: Այսինքն՝ աշխատանքները բարդ են, և գուցե դրանով է պայմանավորված գումարի մեծ չափը: Ընդդիմադիր քաղաքական գործիչները, նաև՝ նախկին նախագահ Սաակաշվիլին, դա անվանել են ռուսների պատվեր և ոչ նպատահարմար Վրաստանի համար՝ ռազմավարական առումով:
Այնտեղ նշում են, որ այդ ճանապարհով Ռուսաստանը հեշտ կհարձակվի Վրաստանի վրա, սակայն դա մի փոքր աբսուրդային է, քանի որ, եթե Ռուսաստանն ուզենա հարձակվել և հարվածել, դրա համար ճանապարհ կա: Չեմ կարծում, որ այդ քննադատություններն արդարացված են, այլ հարց է, որ գումարը բարձր է, և Վրաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված՝ գուցե այդտեղ ճշմարտություն կա:
Սակայն, եթե Վրաստանի զարգացման վերջին տասնամյակը դիտարկելու լինենք, և տրանզիտայնությունն ու ճանապարհաշինությունը կապենք զբոսաշրջության հետ, իրենք այնքան եկամուտ են ստանում այդ ամենից, որ կարծում եմ՝ արդարացված պետք է համարվի նման ծրագրերի իրականացումը, եթե անգամ այն թանկարժեք է»,- ասաց Ալիկ Էրոյանցը:
Վրացագետի խոսքով՝ Հայաստանի համար այս նախագծի իրագործումը ևս շահավետ է. «Բնականաբար, հատկապես հյուսիս տանող ճանապարհները որքան բարեկարգ լինեն, դա նաև մեր բեռնափոխադրողների կամ թեթև մարդատար մեքենաներով երթևեկող մեր քաղաքացիների տեղաշարժի համար ավելի հարմարվետ է դառնում»:
Վրաստանում որոշ գործիչներ նշում են, որ որպես Վերին Լարսին այլընտրանք՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհը դժվար թե մոտ ապագայում կառուցվի, դրա համար այս ճանապարհի կառուցումը ձեռնտու է բոլորին: Ալիկ Էրոյանցի խոսքով՝ քաղաքական խնդիրների պատճառով այդ ծրագիրը հետաձգվեց.
«Դա այլ նախագիծ էր, ժամանակին ստորագրվել էր երկու կողմերի միջև, և վաղ թե ուշ պետք է իրականացվի, այլ հարց է, որ բոլորս գիտենք՝ քաղաքական խնդիրներ կան ՌԴ-ի և Վրաստանի միջև, և հատկապես վերջին ամիսների լարվածությունը հուշում է, որ, այո, դեռևս այդ ծրագրի կամ այլ այլընտրանքի կյանքի կոչելը կերկարաձգվի»: