«Քանի որ մեզնից յուրաքանչյուրը ծանոթ-խնամիական կապերը չի մերժում հասարակական հարաբերությունների մակարդակում, ավելի բարձր մակարդակում դա չի դիտվում արգահատելի երևույթ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց, որ իշխանությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքարի քաղաքական կամք ունի և կարողացել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան։ Չնայած այս պնդմանը, շարունակվում է ծանոթ-խնամի-բարեկամներին տարբեր պաշտոնների նշանակման նախկին ավանդույթը։

Հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, երբ վարչապետն ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, խոսքը վերաբերում է համակարգային կոռուպցիային, այսինքն՝ չկա կոռուպցիոն բուրգ, որի վերևում նստած է երկրի ղեկավարը, հետո՝ բարձրաստիճան պաշտոնյաները, և այլն, ու այդ համակարգը վերևից ներքև աշխատում է։ Ըստ նրա՝ կոռուպցիոն համակարգն աղետալի ազդեցություն է ունենում հարաբերությունների, տնտեսության, քաղաքական ու մնացած բոլոր բնագավառների վրա։

«Հիմա այդ բուրգը չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ չկան նախկին բուրգի էլեմենտները, պահպանված չեն որոշակի հարաբերությունները, բայց դրանք առանձնացված են, լոկալ բնույթ են կրում, օջախներ են, որոնց միջև համակարգային ամբողջություն չկա։ Ես բացառում եմ այն իրավիճակը, որ ինչ-որ մի գերատեսչության ստորին չինովնիկն ինչ-որ մի գործարքի համար գումար վերցնի ու տա իր վերադասին, նա էլ՝ իր վերադասին, և այդպես շարունակ։ Նույնիսկ այդ օջախներն ավելի փոքր են, և այդ չինովնիկը եթե նախկինում ավելի ազատորեն կարող էր կոռուպցիոն պայմանավորվածությունների գնալ, հիմա դա կանի շատ ավելի զգուշավոր, եթե նախկինում իր պարագայում 10 դեպք էր, հիմա 1-2 դեպք կհամարձակվի անել։ Այսինքն՝ այս մասով էլ կա նվազում»,- ասաց Ա.Քթոյանը։

Ըստ նրա՝ ծանոթ-խնամիական կապերը կարևոր հարց է, և Հայաստանում այդ երևույթի որոշակի հասարակական ընկալում կա. «Կոռուպցիայի՝ որպես երևույթի մերժողականությունը նույնիսկ շատ խիստ չի դրված մեզանից յուրաքանչյուրի մոտ, և հանրությունը շատ վատ չի նայում, երբ ինչ-որ մեկը ծանոթ-խնամի կապից ելնելով՝ նշանակվում է պաշտոնի, ես ասում եմ՝ ամեն մեկն իր համար։ Եվ քանի որ մեզնից յուրաքանչյուրը դա չի մերժում հասարակական հարաբերությունների մակարդակում, ավելի բարձր մակարդակում դա չի դիտվում արգահատելի երևույթ։

Դրանով պայմանավորված՝ այդ դրսևորումները դեռևս մնում են։ Նաև կոռուպցիան մարդու ենթագիտակցական, հիշողության մակարդակում է, և բնական է, չի կարելի մեկ տարում քանդել ինչ-որ բան, երբ մարդն իր նախորդ վարքագծից որոշակի դրսևորումներ ունի։ Բայց համակարգային կոռուպցիայի բացակայությունը կարևոր նախադրյալ է, որ այդ կոռուպցիոն օջախներն էլ մարեն, գնան։ Եթե դրանք սնուցում չեն ստանում համակարգից, ինքնաբուխ կամ լոկալ բնույթ են կրում, դրանք չեն մեծանալու, հանգելու են, վերանան, որովհետև բուրգը կամ համակարգը մերժում է այդ երևույթը»։

Ժողովրդական խոսքի հիշեցմանը, որ ախորժակն ուտելիս է բացվում, փորձագետը պատասխանեց, որ իր ընկալմամբ՝ բացառվում է, որ վարչապետի դեպքում դա կլինի, իսկ եթե առաջին դեմքը չի նախաձեռնում կոռուպցիոն բուրգի ձևավորում, այդ բուրգը երբեք չի ձևավորվի։

Տեսանյութեր

Լրահոս