Բաժիններ՝

Դպրոցներում որոշ առարկաներ  կվերանայվեն. աշակերտների ծանրաբեռնվածությունը կկրճատվի 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության նախաձեռնությամբ  վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:

Նախատեսվում է, որ վերանայման գործընթացը կներառի հետևյալ ուսումնական բնագավառները՝ հայոց լեզու, գրականություն, հասարակական գիտություններ (հասարակագիտություն, հայոց պատմություն, եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, նորագույն պատմություն), օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն), արվեստ (երաժշտություն, կերպարվեստ), ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն (ֆիզկուլտուրա, առողջ ապրելակերպ, շախմատ, ՆԶՊ) ոլորտներին:

Ծրագրով նախատեսվում է նաև վերապատրաստման մոդուլների մշակում. ձևավորված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում, վերապատրաստումներ՝  ուսուցիչների համար:

«Մենք այս պահին մշակել ենք, թե երեխան դպրոցն ավարտելուց հետո ի՞նչ կարողություններ կունենա: Բացի դա՝ մշակվել է, թե յուրաքանչյուր դպրոցի (տարրական, հիմնական, ավագ) ավարտից հետո ուսումնառության ի՞նչ վերջնարդյունքներ կունենանք: Մշակվել է առարկայացանկ, թե ո՞ր առարկաներով ենք նախատեսում այդ վերջնարդյունքները: Առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև հենքային ուսումնական պլանում: Գնահատման հետ կապված քննարկում արվել է, և այժմ մշակման փուլում է այն, թե ի՞նչ մեթոդներով ենք փորձելու գնահատել, արդյոք կարո՞ղ ենք հասնել մեր կողմից առանձնացված ուսումնառության վերջնարդյունքներին, թե՞ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

«Այս բարեփոխումների արդյունքում մշակվելու են դասավանդման և ուսումնառության  նյութեր՝ բնագիտություն, տեխնոլոգիա, մաթեմատիկա, ճարտարագիտություն առարկաների մասով:

Նախատեսվում է մշակել ուսուցիչների վերապատրաստման հետ կապված մոդուլներ, որոնք կվերաբերեն՝ ինչպես տվյալ առարկայի բովանդակությանը, դասավանդմանն ու մեթոդաբանությանը, այնպես էլ՝  այն թեմաներին, որոնք, առարկայից բացի, ուսուցիչը պետք է իմանա, օրինակ՝ կայուն զարգացման, ժողովրդավար հասարակություն ստեղծելու հետ կապված:

2020 թվականի սեպտեմբերից  մարզերից մեկում ենթադրվում է, որ կկարողանանք պիլոտը իրականացնել: Ամենամեծ ռեսուրս պահանջողը ֆինանսական առումով ուսուցիչների վերապատրաստումն է: Մեր նպատակը գումարներ ներգրավելն է, որ կարողանանք ամբողջ հանրապետությունում վերապատրաստման աշխատանքներն իրականացնել: Մեր նպատակն է՝ սա ավարտել 2023 թվականին»,- հավելեց Արևիկ Անափիոսյանը:

Ծրագրի փորձագետ Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ նոր հենքային ուսումնական պլանում մի շարք փոփոխություններ են նախատեսվում:

«Առաջին փոփոխությունն այն է, որ որոշ չափով կրճատվելու է սովորողների ծանրաբեռնվածությունը: Միջին դպրոցներում 37 ժամն արդեն կրճատվել և հարմարեցվել է աշակերտի տարիքին: Հաջորդ փոփոխությամբ ուսումնական պլանն ավելի ճկուն է դարձել: Ուսումնական պլանը, ինչպես գիտեք, ունի երկու բաղադրիչ՝ պետական պարտադիր և դպրոցական պարտադիր, որ դպրոցն է ընտրում նախընտրած առարկաներին ժամաքանակ տրամադրելը:

Դպրոցն այժմ հնարավորություն ունի իր առանձնահատկություններից և  սովորղների նախասիրություններից ելնելով՝ տնօրինել նախատեսված ժամաքանակը: Աշակերտը, անկախ նրանից, թե որ հոսքում է գտնվում, կարող է ընտրել իրեն անհրաժեշտ առարկաները: Նախկինում, եթե երեխան ընտրել էր ֆիզմաթը, այնտեղ ֆիզիկան ու մաթեմատիկան էր խորացված անցնում, բայց  լինում էին դեպքեր, երբ երեխային պետք էր, ասենք, մաթեմատիկան խորացնել այս հոսքից, օտար լեզուն՝ մյուս հոսքից: Այժմ ավելի ճկուն է դարձել ուսումնական պլանը: Երեխան անկախ իր հոսքից՝ կարող է ընտրել երկու և ավելի առարկաներ ու խորացնել դրանք:  Այսինքն, ուսպլանը հարմարեցվել է երեխայի պահանջմունքներին»,- նշեց փորձագետը:

Գագիկ Մելիքյանն ընդգծեց՝ ներմուծվել է ուսումնական նոր բնագավառ՝ հայագիտությունը, որտեղ ներառվել են  հայոց լեզուն, գրականությունը, հայոց պատմությունը, մշակույթը և այլն, որի նպատակը պետք է լինի աշխարհի փորձի հետ ճիշտ զուգորդել մեր ազգային արժեքները:

Հարցին՝ օրինակ, եկեղեցու պատմություն առարկայում ինչ փոփոխություն է լինելու, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ առայժմ առարկայական դաշտում փոփոխությունները չեն ձեռնարկել, դրա մասին կխոսեն ավելի ուշ:

«Մենք դեռևս առարկայական դաշտ չենք մտել, ընդհանուր սկզբունքների մշակման փուլում ենք»,- եզրափակեց ծրագրի փորձագետը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս