
Իտալիայում Ստրոմբոլի հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել

Ստրոմբոլի հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել օգոստոսի 29-ի ուշ երեկոյան, հրաբուխ, որը գտնվում է Տիրենյան ծովում Իտալիայի համանուն կղզում՝ Սիցիլիայի մերձակայքում։
Տեղի բնակիչների հաղորդումներով՝ մոտավորապես 22:45-ին (Երեւանի ժամանակով 00:45-ին) իրենք հուժկու պայթյուն են լսել, որից հետո հրաբխի խառնարանի վրա հրաբխային մոխրի եւ ավազի սյուն է բարձրացել: Բացի դրանից, հրաբխի արեւմտյան լանջին խառնարանից սկսել է ակտիվորեն լավա ժայթքել:
Ականատեսների վկայություններով՝ լավայի հոսքն այժմ երեւում է մի քանի կիլոմետր հեռավորությունից:
Հիշեցնենք, որ Ստրոմբոլի հրաբուխն սկսել է ակտիվորեն ժայթքել օգոստոսի 28-ին: Կղզում հանգստացող զբոսաշրջիկների մեծ մասը շտապել է հեռանալ այնտեղից: Այժմ այնտեղ մնում է շուրջ երեք հազար հանգստացող: Իսկ կղզու մշտական բնակչությունը չի գերազանցում 400-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: