Երկար ապրելու լավատեսների շանսերն ավելի մեծ են, քան հոռետեսներինը. գիտնականներ

Լավատեսական տրամադրվածությամբ մարդկանց երկար եւ երջանիկ ապրելու շանսերը շատ ավելի մեծ են, քան նրանց, ովքեր կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքներ ունեն: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ իրենց կատարած հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Գիտափորձին մասնակցել են շուրջ 70 հազար կին եւ ավելի քան 1,5 հազար տղամարդ: Մասաչուսեթսի նահանգի Բոստոնի համալսարանի մասնագետները հետեւել են կամավորների առողջական վիճակի փոփոխությանը՝ կախված կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքից: Բացի դրանից, մասնակիցները պատմել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակի, համային գերադասությունների, ինչպես նաեւ վնասակար սովորությունների մասին, ներառյալ ծխելու եւ ոգելից խմիչքներ գորածածելու մոլությունը: Արդյունքները ցույց են տվել, որ լավատեսական աշխարհայացքով մարդանց կյանքի տեւողությունը միջին հաշվով 11 – 15 տոկոսով բարձր է, քան հոռետեսներինը:

Ըստ որում, ինչպես նշում են գիտնականները, դրականորեն տրամադրված տղամարդիկ եւ կանայք ավելի մեծ շանսեր են ունեցել ապրելու մինչեւ 85 տարեկան: Որպես նման երեւույթի հնարավոր պատճառ մասնագետները նշել են այն փաստը, որ լավատեսների համար ավելի հեշտ է վերահսկել իրենց հույզերը: Հետեւաբար նրանք ավելի լավ են պաշտպանված սթրեսի բացասական հետեւանքներից: «Սթրեսն ազդեցություն է գործում մարդու իմունային համակարգի վրա, ուստիեւ կա հավանականություն, որ դրական տրամադրվածությամբ մարդիկ ունակ են ավելի լավ հաղթահարելու զանազան վարակները»,- ընդգծել է Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Բրույս Հուդը՝ մեկնաբանելով հետազոտության արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս