Ինչո՞ւ են թանկացել մի քանի արգելոց-թանգարանների մուտքավճարները
Արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ բարձրաձայնում են, որ Գառնի տաճարի մուտքը տեղացիների համար 1000 դրամով թանկացել է, նախկին 500 դրամի փոխարեն՝ այժմ վճարում են 1500 դրամ, ճիշտ այնքան, որքան արտասահմանցի զբոսաշրջիկները։
168.am–ը Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված գների բարձրացումը, և այն արդյո՞ք սեզոնային բնույթ է կրում։
«Նախ՝ ասեմ, որ գները ոչ թե բարձրացել է, այլ ունիֆիկացվել է՝ միասնական գին է ստեղծվել՝ նախկին խտրական գնի փոխարեն։ Ժամանակին տեղացիների համար այլ գին էր գործում, իսկ արտասահմանցիների համար՝ այլ, բայց եկավ ԵԱՏՄ-ի պահանջը։
Փետրվարին հեռուստակամուրջի ընթացքում ներկայացվեց Էրմիտաժը, Ղազախստանի պետական թանգարանը, որն աշխատում էր այս նույն պայմաններով՝ խտրական գնով, Ղրղըզստանից կար Ֆրունզեի անվան թանգարանը, և Հայաստանից, չգիտես ինչու, միայն մեր երեք թանգարանները՝ Գառնիի, Զվարթնոցի և Մեծամորի արգելոց-թանգարանները։ Այդ գաղափարն իրենից ներկայացնում է այն մոտեցումը, որը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները պետք է ծառայություններից օգտվեն մաքսայինի նույն տիրույթում, այսինքն՝ նույն գնային պայմաններից։ Եվ սա ոչ միայն՝ մշակույթի մասով, շատ պարամետրեր կան, բայց մենք պատասխանտու ենք միայն մշակույթի մասով»,- ասաց Արա Թարվերդյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունից նշված տեղեկությունը ստանալուց հետո, առաջարկել է չորս տարբերակ, որոնցից որևէ մեկը պետք է ընտրվեր՝ որպես հարցի լուծում։ Առաջին տարբերակով առաջարկել է տեղացիների ու արտասահմանցիների համար Գառնիի մուտքը դարձնել 1000 դրամ, երկրորդը՝ երկու դեպքում էլ մուտքը դարձնել 500 դրամ, սակայն տվյալ դեպքում ՊՈԱԿ-ը տուժելու էր, մյուս տարբերակներով՝ արտասահմանցիների և տեղացիների համար սահմանել 1500 դրամ մուտքավճար, կամ չեղարկում են այսօրվա գնային քաղաքականությունը և սահմանում բոլորովին նոր գին։
«Այս չորս առաջարկները ես ներկայացրել եմ Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանին։ Որից հետո ինձ պատասխանեցին, որ նախարարությունը տալիս է ուղղորդում, որ մուտքավճարը տեղացիների և արտասահմանցիների համար լինի 1500 դրամի տարբերակը։ Օգոստոսի 1-ին հրաման եմ տվել, որ օգոստոսի 12-ին այդ գները կիրառվեն, ինչն էլ ժողովրդի մոտ առաջացրեց դժգոհություն»,- շեշտեց Արա Թարվերդյանը։
Ըստ նրա՝ այս պահին գների փոփոխություններ եղել է միայն այն թանգարաններում, որտեղ կա տոմսային տնտեսություն, մյուս 10 արգելոց -թանգարաններում այս պահին մուտքն անվճար է։ Սակայն, երբ լինի տոմսային տնտեսություն, այդ թանգարաններում նույնպես կսահմանվի ԵԱՏՄ-ի պահանջը։ Թե ինչ գին կլինի՝ դեռևս չեն որոշել։
Հարցին՝ գների բարձրացումն արդյո՞ք չի ազդել նշված արգելոց-թանգարանների տեղացի այցելուների քանակի վրա, Արա Թարվերդյանը պատասխանեց, որ Գառնիում սկսել են մոնիտորինգ իրականացնել և հասկացել են, որ այցելությունները որոշ չափով աստիճանաբար նվազում են։
«Միջամտեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ստեղծվեց աշխատանքային խումբ, որպեսզի զբաղվի նոր գնի որոշմամբ։ Ես ներկայացրեցի իմ առաջարկած չորս տարբերակները, նայեցին և կանգնեցին այն տարբերակի վրա, որ պետք է նոր գին սահմանվի, ըստ այդմ՝ տեղացիների համար ոչ թե երեք անգամ է գինը բարձրանում, այլ ավելի քիչ, այսինքն՝ սեպտեմբերից Գառնիի մուտքը տեղացիների և արտասահմանցիների համար կլինի 750 դրամ՝ նախկին 500 և ներկայիս 1500 դրամի փոխարեն, Զվարթնոցում կլինի 650, իսկ Մեծամորում 550 դրամ»,- եզրափակեց Արա Թարվերդյանը։
Զվարթ Խաչատրյան