Տրամաբանական չէ, թե ինչպես կարող է մարդն աշխատավարձ ու հավելավճարներ ստանալ՝ առանց աշխատելու. Պարգև Օհանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունը։ Ըստ այդ փոփոխության, եթե Սահմանադրական դատարանի դատավորն այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։ Մինչդեռ ըստ օրենքի, ՍԴ դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը։
168.am-ի հետ զրույցում «Անկախ դատավոր» հ/կ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանն անդրադառնալով ՍԴ օրենքում նախատեսված փոփոխությանը՝ նկատեց՝ այդ ամենն այդքան էլ հասկանալի չէ, քանի որ տրամաբանական չէ, թե ինչպես կարող է մարդն աշխատավարձ ու հավելավճարներ ստանալ՝ առանց աշխատելու։
«Եթե իրենց առաջարկած օրենքի նախագիծն ընդունվի, ապա այն արդեն թույլ կտա, որպեսզի ՍԴ դատավորները հրաժարական տան։ Մենք պետք է հասկանանք, որ սա ավելի շատ քաղաքական որոշում է, այսպես ասած՝ կոմպրոմիսային մոտեցում։ Որպես իրավաբան՝ այս ամենի մասին չեմ կարող իմ տարակուսանքը չհայտնել։ Գուցե ամեն ինչ քաղաքական իմաստով արդարացվի՝ չգիտեմ»,- ասաց Պ. Օհանյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջին, Պարգև Օհանյանը շեշտեց, որ միշտ էլ անկեղծության մեջ ասել է, որ ՍԴ ներկայիս նախագահի հրաժարականը հարցի լուծում է։
«Կարծում եմ՝ ՍԴ նախագահի հրաժարականից հետո կլուծվեր մյուս դատավորների հարցը։ Այսինքն՝ Հրայր Թովմասյանն ամբողջ հարվածն իր վրա կվերցներ և իրեն զոհաբերելով՝ կվերացներ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Մյուս կողմից էլ՝ անձամբ չէի ցանկանա, որ նման իրավիճակ ստեղծվեր, քանի որ ՍԴ-ում այդքան էլ լուրջ խնդիր չկա՝ գուցե նեղ մասնագիտական իմաստով կա, եթե խորանանք նման հակասությունների մեջ, ապա շատ հակասություններ կգտնենք, որի պարագայում պետության կամ իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի կդառնա անհնարին։
Նույն դատավարության օրենսգրքում բազմաթիվ նման հակասություններ կան, բայց դատարանները գործում են։ Հիմա էլ նույն վիճակն է, և իշխանությունները որոշել են հարցին տալ թավշյա լուծում, իսկ թե այն որքանո՞վ է հակասահմանադրական, կարծում եմ՝ պետք է սահմանադրագետներն ասեն։ Բայց մեզ նման իրավիճակ ցանկալի չէ»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն կարծիքներին, որ ՍԴ-ում տեղի ունեցող գործընթացներն ուղիղ կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, Պարգև Օհանյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ այստեղ քաղաքական ցանկություն կա, ինչը տվյալ պարագայում նորմալ է, քանի որ հեղափոխությունից հետո իշխանությունը փոխվել է, և ներկայիս իշխանություններն այս կամ այն ձևով, թեկուզ վիրահատական միջամտություններով պետք է տարածեն իրենց իշխանությունը։
Զվարթ Խաչատրյան