«99 %-ով համոզված եմ, որ «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է. գործարարները մտածում են՝ շարունակե՞լ իրենց գործունեությունը Հայաստանում, թե՞ ոչ»
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ 99 տոկոսով համոզված է, որ «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է.
«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը, բոլորս դրան ենք սպասում: Քրեական գործ է հարուցված, թող պարզեն: 99 տոկոսով համոզված եմ, որ դա հրկիզվել է. լիքը խնդիրներ կան՝ և՛ շուկայական, և՛ «Ձյունիկ»-ում պահպանման գներն ավելի ցածր էին: Այնտեղ պահպանման յուրաքանչյուր տոննայի համար վճարում էինք 256 դրամի կարգի, իսկ մնացած սառնարաններում մոտ 400 դրամի կարգի է յուրաքանչյուր տոննան»:
Արթուր Անդրեասյանը նշեց, որ իրենց ՍՊԸ-ն, շուրջ 6 ամիս է՝ապրանքները պահպանում է «Ձյունիկ» սառնարանային պահեստում. «Մոտ 908 տոննա սառեցված ապրանք՝ տարբեր տեսակի մսամթերք ենք պահպանում «Ձյունիկում», ամսական մոտ 9 մլն գումար ենք փոխանցել սառնարանում պահպանության համար: Հրկիզումից հետո մենք կարողացանք 302 տոննա փրկել մեր ապրանքներից, իսկ մնացածը ծխեցված և այրված էր: 600 տոննա այսօր այդ ապրանքներից մնաց «Ձյունիկի» պահեստում, այսօր գնում է այդ ապրանքների մաքրման աշխատանքները, որպեսզի հետագայում հիվանդություն չառաջանան Երևան քաղաքում»:
Նա նշեց, որ «Ձյունիկ» սառնարանային պահեստում ապրանք ունեցող գործարարները դիմել են վարչապետին, որպեսզի վերադարձվի այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը.
«Հիմա մեր կառավարությունը պետք է գոնե աջակից լինի մեր գործարարներին, որպեսզի վերադարձնեն մեր ԱԱՀ-ն ու մաքսատուրքը: Մեր ՍՊԸ-ի մասով ընդհանուր մոտ 7-8 հարյուր հազար դոլարի մասին է խոսքը: «Ձյունիկի» պահեստում եղել է ընդհանուր մոտ 30 մլն դոլարի ապրանք, տուժողները մոտ 12 հոգի են: Այնտեղ մարդիկ են եղել, որոնց ապրանքները եղել են 25 տոննա, մեր կազմակերպությունն օգնել է, որ իրենք հանեն: Իսկ մեր ապրանքները չկարողացանք փրկել, որոշ մասը, որ աջ կողմի պահեստում էր, միայն այդ հատվածից կարողացանք մոտ 300 տոննա մսամթերքը փրկել»:
Գործարարը նկատեց՝ յուրաքանչյուր ամիս 9 մլն դրամ պահպանության գումար են վճարել «Ձյունիկ» սառնարանային պահեստին, և հավելեց՝ բա ինչի՞ համար են վճարել այդ գումարը.
«Ոնց ընդունել են մեր ապրանքը, այդպես էլ պետք է վերադարձնեն: «Ձյունիկ» սառնարանի շենքն ամբողջովին գրավ է դրված բանկում՝ 3.5 մլն դոլարի դիմաց, և «Ձյունիկ» սառնարանային ՍՊԸ-ն գնում է դեպի սնանկության, ոչ թե այսօր, այլ մի քանի ամիս առաջ: Իսկ եթե իրենք նախապես ասեին, որ՝ սնանկ ենք ճանաչվում, եկեք ձեր ապրանքները տեղափոխեք, ապա մենք մեծ հաճույքով դա կանեինք: Իրենք ոչ մի բան չունեն, որպեսզի փոխհատուցեն: Ըստ պայմանագրի՝ ապրանքի ինքնարժեքը պետք է փոխհատուցեին, մաքսատուրքը, ԱԱՀ-ն, գումարած՝ պահպանության գումարները»:
Նա ընդգծեց, որ հիմա սպասում են՝ տեսնեն՝ կառավարությունն ԱԱՀ-ի ու մաքսատուրքերի հետ կապված գումարները կփոխանցի՞, թե՞ ոչ. «Ում հետ զրուցել եմ, ունեն վարկեր, բոլորս օգտվում ենք բանկերից: Չգիտեմ՝ մեր կառավարությունը կդիմի՞ ԿԲ-ին, որ նա դիմի մյուս բանկերին, մի որոշ ժամանակ տոկոսները սառեցնեն կամ իջեցնեն: Սպասում ենք՝ տեսնենք՝ պետության կողմից աջակցություն կստանա՞նք, թե՞ ոչ: Բոլոր գործարարները մտածում են՝ հետագայում շարունակելո՞ւ են իրենց բիզնեսը Հայաստանում, թե՞ ոչ»:
Նա նշեց, որ մսամթերքի շուկայում իրենց ապրանքը կազմում է 25-30 տոկոս. «4 կողմից զանգահարում են մեր կազմակերպություն՝ ճշտում են՝ ինչ ապրանքներ ունենք, ինչ չունենք, առիթից օգտվելով՝ հարցնում են՝ ո՞ր ապրանքի գները բարձրացնեն: Այս երեք-չորս օրվա ընթացքում մոտ 2000 զանգ ենք ստացել: Որոշ ապրանքներ կան, որոնց գները կբարձրանան, որովհետև դրանք ամբողջությամբ ոչնչացել են»: