«Արդարադատության նախարարությունն այսքան տարի անց կվերականգնի պատմական արդարությունը, և Վազգեն Մանուկյանը կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը». Արփինե Հովհաննիսյան
Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումը, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը, սահմանադրական բարեփոխումների անցկացումը, ընտրական օրենսդրության բարեփոխումը, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալը, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը, պետական և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծումը, իրավապահ համակարգի բարեփոխումը, քրեական և քրեական դատավարության, ինչպես նաև քաղաքացիական և քաղաքացիական դատավարությունների օրենսդրությունների բարեփոխումները, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացումը, սնանկության ոլորտի բարեփոխումները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը, նոտարական, փաստաբանական համակարգերի արդյունավետության բարձրացումն ու հարկադիր կատարման համակարգի բարեփոխումները:
Հետաքրքրական է, որ փաստաթղթում առանձին գլուխ է նվիրված անցումային արդարադատությանը, որի վերաբերյալ խոսակցությունները, կարծես թե, վերջին շրջանում լռել էին։
Այսպես` նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմն իրագործվելու է հետևյալ շրջանակներում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ և այլն։
Բացի դրանից, ըստ այդ նախագծի՝ «1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին, և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր:
Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ»:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ կարգավորմանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ դատելով առաջարկվող նախագծի այս հատվածից` այսքան տարի անց փաստորեն կվերականգնվի պատմական արդարությունը, և Վազգեն Մանուկյանը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
«Խոսքը վերաբերում է նրան, որ կառավարությունն իմ խորին համոզմամբ՝ անկանոն շարժումներով բուռն գործունեության թվացյալ իմիտացիա է ստեղծում, որտեղ որևէ բովանդակություն չկա: Սա վկայում է այն մասին, որ անցյալի ուրվականից ազատում չկա, ու, որ ապագային միտված ոչինչ չկա։ Ուզում եմ հասկանալ. այդուհանդերձ ի՞նչ է նշանակում՝ 1991թ.-ից սկսված` երկրում ոչ միայն ընտրախախտումների, այլև բազմաթիվ այլ իրողությունների մասին, որոնց մասին, ի դեպ, փայլուն պատմական, փաստական և ինստիտուցիոնալ հիշողություն կունենան նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, տեղեկություններ հավաքելը, և ամենակարևորը՝ ի՞նչ են անելու իրենք ստացված տեղեկությունների հետ: Միայն բարձրաձայնելո՞ւ են այդ մասին, թե՞…»,- նշում է արդարադատության նախկին նախարարը:
Վերջինս շեշտում է, որ չի հասկանում նպատակը և ցավում է, որ երիտասարդ իրավաբանների մի խումբ «ենիչերիի» հոգեբանությամբ կատարում է այն ամենը, ինչ հանձնարարված է` բացարձակապես չհասկանալով դրա նպատակը:
«Բայց եթե, ինչպես իրենք են նշել, հատուցում են տալու կամ վերականգնելու են խախտված իրավունքները, ապա Վազգեն Մանուկյանը 1996թ. ընտրությունների վերաբերյալ, իհարկե, հետաքրքիր փաստեր կներկայացնի, և ես կարծում եմ, որ, եթե այսպիսի բան են սկսել, ապա գործիքակազմը պետք է լինի բավականին գործուն: Այսինքն` կարելի է շատ արագ կերպով շրջել պատմության անիվը և վերականգնել պատմական արդարությունը»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ