«Էդ գործառույթը նորից թողնում ենք ԱԱԾ-ի՞ն, թե՞ նրանից էլ ենք վերցնում» . պատգամավորի հարցը՝ Ռուստամ Բադասյանին
ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բոլոր իրավապահ մարմիններից՝ Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվում նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ԱԱԾ-ի այդ գործառույթը դուրս է մնում.
«Էդ գործառույթը նորից թողնո՞ւմ ենք ԱԱԾ-ին, թե՞ նրանից էլ ենք վերցնում» :
«Մեր տեսլականով՝ ԱԱԾ-ի մոտ մնալու են հետախուզության և հակահետախուզության գործառույթները և դրան համապատասխանող օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթները, այսինքն՝ մյուս գործառույթները վերապահվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին: Բայց այստեղ կարևոր է անցումային շրջանը: Մասնավորապես՝ օպերատիվ գործի մասով դա շատ փակ համակարգ է, և Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող երեք կամ չորս տարում ունենալ նման պատրաստվածություն, այսինքն՝ անցումային շրջանը պետք է սահուն լինի ու փուլային»,- ասաց նախարարը:
Զարուհի Դիլանյան