Սկսվում է Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը սկսվելու է օգոստոսի 27-ին:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Նախարարը նաև հայտնել է, որ մատակարարման համար իրականացվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: