Աբխազիայի գործող նախագահն ընտրություններում ստացել է ձայների 23,85 տոկոսը, Կվիցինիան՝ 21,97
Աբխազիայի նախագահի՝ օգոստոսի 25-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,55 տոկոս: Այդ մասին հայտնել է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Թայմուրազ Գոգիան:
«Գրանցված ընտրողների թվաքանակը 129.421 է, մասնակցել է 86.138 մարդ, ինչը կազմում է 66,55 տոկոսը»,- ասել է Գոգիան:
Նրա խոսքով՝ օգոստոսի 25-ին քվեարկությունն անցել է առանց խախտումների, որոնք կարող են ազդել դրանց արդյունքի վրա:
Գոգիան հավաստել է, որ Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ:
«Ելնելով արդյունքներից՝ երկրորդ փուլ են անցնում Խաջիմբան, որն ստացել է 20.544 ձայն, կամ 23,85 տոկոսը, եւ Կվիցինիան, որն ստացել է 18.929 ձայն կամ 21,97 տոկոսը»,- ասել է նա:
Կվիցինիային փոքր-ինչ զիջել է Աբխազիայի արտաքին գործերի նախկին փոխնախարար Օլեգ Արշբան:
Նրա շտաբում հայտնել են, որ ընդունել են պարտությունը եւ շնորհավորել են ընդդիմադիրին երկրորդ փուլ անցնելու առթիվ: Աբխազիայի ԿԸՀ-ն, հնարավոր է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակի սեպտեմբերի 8-ին, հավելել է Գոգիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: