Թրամփը «չափազանց վաղ» է համարել Զարիֆի հետ հանդիպելը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել Յոթի խմբի (G7) Բիարիցի գագաթնաժողովին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ժամանմանը, բայց չի ցանկացել հանդիպել նրա հետ: Այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել է օգոստոսի 26-ին գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից առաջ:
Թրամփը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցրել էր՝ Սպիտակ տան ղեկավարը «հավանություն տալիս է արդյոք» Բիարից Զարիֆի ժամանելուն:
«Ես գիտեի այն ամենի մասին, ինչ նա անում էր»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփն ընդգծել է, որ ներկայում «չափազանց վաղ» է Զարիֆի հետ հանդիպման մասին խոսելը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի հանգուցային պահերից մեկը:
Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի կոնսուլտացիաները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել արդյունքներից:
«Զարիֆի հետ քննարկումները դրական էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել է նա:
Միաժամանակ ֆրանսիական կողմը ճշտել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հրավերն «ուղարկվել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ «առաջիկայում «բարդ աշխատանք է սպասվում» Իրանի շուրջը իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն «արժե փորձել անցնել այդ ուղին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: