Չինաստանը բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու պատրաստակամություն է հայտնել. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն անցած գիշեր հեռախոսով կապվել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչների հետ եւ բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ցանկություն հայտնել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն, Թրամփը ողջունել է Չինաստանի բանակցելու պատրաստակամությունը եւ դա դրական զարգացում է համարել ամբողջ աշխարհի համար: Նա նշել է, որ Չինաստանի ներկայացուցիչները երկու անգամ կապվել են ԱՄՆ-ի հետ եւ հայտարարել, որ ցանկանում են համաձայնագիր կնքել առեւտրի վերաբերյալ: Թրամփն ասել է, որ այդ հարցի շուրջը բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 1-ից Չինաստանից 300 մլրդ դոլար ծավալով ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի ոչ թե 10 տոկոսով, ինչպես պլանավորված էր, այլ 15 տոկոսով, 250 մլրդ դոլար ծավալի ապրանքների մյուս խմբի համար մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից կկազմի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս:
Թրամփի որոշումը հաջորդել է տարեկան 75 մլրդ դոլար ծավալի ամերիկյան ապրանքների ներմուծման վրա ՉԺՀ-ի կողմից լրացուցիչ մաքսատուրքեր դնելուն: 5078 անուն ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից:
Այս քայլը դարձել է սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից 300 մլրդ դոլար ծավալի չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 10 տոկոսով բարձրացնելու ԱՄՆ-ի որոշման պատասխանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: