Նախկին մարզպետի երկակի ստանդարտները

Ամուլսարի դիլեման լակմուսի թղթի պես մեր քաղաքական դաշտում բազմաթիվ մարդկանց նորովի է բացահայտում:

Ներկայումս Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմնախնդիրը շատ գործիչների դասակարգում է «մինչ հեղափոխությունը» և «հեղափոխությունից հետո» սահմանաբաժանների ենթատեքստում:

Կան մարդիկ, ովքեր դեռ մի 5-6 տարի առաջ այլ կարծիք ունեին առհասարակ հանքավայրի շահագործման վերաբերյալ և իրենց հրապարակային ելույթներում գերակա համարում էին երկրի տնտեսական շահը:

Երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ էր այցելել` ջերմուկցիներին ու ամուլսարամերձ համայնքների բնակիչներին անձամբ վստահեցնելու, որ հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը կառավարելի են, և եթե դա այդպես չլինի, միշտ էլ կարելի է չեղարկել սարի շահագործումը, մի ուշագրավ երկխոսություն գրավեց մարդկանց ուշադրությունը:

Խոսքը Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի ու վարչապետի զրույցի մասին է, այն զրույցի, որի ընթացքում նախկին մարզպետը վարչապետին ասում էր, որ ինքը մարզպետ է եղել 2012-14թթ., այնինչ հանքը շահագործելու թույլտվությունը տրվել է 2011թ., իր մարզպետ եղած ժամանակ ոչինչ չի արվել, և այնպիսի տպավորություն էր, թե ինքն է իր մարզպետ եղած ժամանակ կասեցրել հանքի շահագործումը:

Ճիշտ է, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավարը այնպիսի տվյալներ էր ներկայացնում վարչապետին, որոնցից վերջինս տեղեկություն չուներ, ու թերևս արժե, որ վարչապետը լուրջ խոսակցություն ունենա այն մարդկանց, մասնագետների, խորհրդականների հետ, ովքեր Ամուլսարի հարցի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում վարչապետին: Որովհետև մեկ տարի շարունակ Ամուլսարի հարցը գիշեր-ցերեկ ուսումնասիրող վարչապետն այնպիսի ուշադրությամբ էր լսում Վայոց Ձորի նախկին մարզպետին, որ ակնհայտ էր, որ շատ տվյալներ նորություն էին իր համար, այնինչ, ըստ երևույթին, այդպես չպետք է լիներ:

Սակայն խնդիրն այն է, որ նույն Էդգար Ղազարյանը, ով ՀՀԿ Ջերմուկի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահն էր, իր հարցազրույցներից մեկում ասում է, որ առողջարանային քաղաք, զբոսաշրջություն ու հանքարդյունաբերություն հասկացությունները տնտեսության զարգացման հակադիր կողմերում են, և այդ երկուսի զուգորդումը նույն տարածքում դժվար է պատկերացնել:

«Եվ եթե այդ հանքավայրը շահագործվի, դա արդեն իսկ վտանգի տակ կդնի կառավարության որդեգրած ռազմավարական պլանը` Ջերմուկը հռչակել որպես տուրիզմի կենտրոն: Եվ ավելին, Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման պլանում հանքարդյունաբերության մասին խոսք չկա»,- ասում էր նա:

Նույն այդ հարցազրույցում վերջինս նշում է, որ Ջերմուկի զարգացումը նշանակում է ողջ մարզի զարգացում, որովհետև Ջերմուկի առողջարանները հանդիսանում են այդ տարածքի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողները, և հանքարդյունաբերությունը վտանգի տակ կդնի տարածքային համաչափ զարգացումը: Խոսել է նաև «Ջերմուկ» հանքային ջրին հասցվող ենթադրելի վնասի մասին, եթե հանքը շահագործվի, ու նշել էր, որ հանքային ջրի ու Ջերմուկ քաղաքի հեղինակությունն ուղղակիորեն կապված են միմյանց հետ:

Կարճ ասած` այդ հարցազրույցում նա իր խորը մտահոգությունն էր արտահայտում Ամուլսարի շահագործման առթիվ ու վստահ էր, որ հանքի շահագործումը խիստ վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար ու անթույլատրելի է Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական տեսանկյունից:

Հետագայում արդեն Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը նույն Ամուլսարի շահագործման վերաբերյալ հետևյալ կարծիքն էր հայտնում. «Դեռ նախագիծն ամբողջությամբ չի իրականացվում, բայց մեր մարզի մի շարք համայնքներ՝ Սարավանը և Գնդեվազը, արդեն ստանում են մեծ չափի հողի վարձակալական գումարներ: Այսինքն՝ տնտեսական առումով այդ հանքավայրի շահագործումը շատ ձեռնտու է»:

Վերջինս նշում էր, որ Ամուլսարի ծրագիրը մարզի ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, և տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման իմաստով այն որպես տնտեսական պրոյեկտ` շատ մեծ պրոյեկտ է` հնարավոր տնտեսական արդյունքներով:

«Ինչպես ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր, դա իր մեջ պարունակում է նաև բնապահպանական ռիսկեր, որոնց վերաբերյալ մենք ժամանակին հնչեցրել ենք և հիմա էլ շարունակում ենք միշտ ակտուալ պահել մեր մտահոգությունները, որոնք կարելի է դիտարկել և Ջերմուկ քաղաքի զարգացման և առհասարակ բնապահպանական իմաստով: Դա է հիմնական պատճառը, որ հանքավայրի շահագործման պլանները փոխվել են, և մինչև հիմա, ըստ էության, չի շահագործվում, որովհետև ընկերությունը միշտ դիտարկում է մեր բոլոր մտահոգությունները, որոնք հնչեցվում են, և փորձում է մշակել հանքի շահագործման այնպիսի ծրագիր սոցիալական պատասխանատվության դերակատարման, որը նվազագույն ազդեցություն պետք է թողնի թե բնության, թե առավել ևս Ջերմուկի զարգացման ծրագրի վրա: Այսինքն` այդ հանքավայրի շահագործումը ոչ մի կերպ չպետք է բացասաբար անդրադառնա Ջերմուկի` որպես զբոսաշրջային կենտրոնի, զարգացման վրա»,- ասել է Վայոց Ձորի նախկին մարզպետը` հավելելով, որ, բարեբախտաբար, ընկերությունն էլ է ցուցաբերում սոցիալական պատասխանատու վարքագիծ, և իրենց ամեն քայլը շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնում է:

Լրագրողի հարցին, թե ամեն դոպքում կարծում է, որ հանքը պետք է շահագործվի՞, Էդգար Ղազարյանը նշել էր է, որ՝ այո, ինքը կարծում է, որ այն շատ մեծ նախագիծ է, և եթե այն ձևով շահագործվի, որ չխոչընդոտի այլ ոլորտների զարգացմանը, կարծում է, որ չպետք է խոչընդոտել:

Հիմա Էդգար Ղազարյանն այլևս մարզպետ չէ, և բնապահպանական բաղադրիչը նրա համար կրկին ավելի կարևոր է, քան տնտեսականը:

Տեսանյութեր

Լրահոս