«Նմանատիպ կարևոր ռազմավարություններն առաջին հերթին պետք է լինեն հնարավորինս իրատեսական, չափելի արդյունքներով, այլ ոչ թե միայն դեկլարատիվ բնույթ կրեն». Հակոբ Ավագյան
Հարցազրույց ՓՄՁ ասոցիացիայի ղեկավար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանի հետ։
– Պարոն Ավագյան, Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ՓՄՁ Զարգացման ռազմավարության նախագիծը և ուղարկվել կարծիքի դաշտի հասարակական կառույցներից: Հասցրե՞լ եք ուսումնասիրել, ի՞նչ տարբերություն եք տեսնում նախորդների հետ։
– Նոր բան ասած չեմ լինի, որ նմանատիպ կարևոր ռազմավարություններն առաջին հերթին պետք է լինեն հնարավորինս իրատեսական, չափելի արդյունքներով, այլ ոչ թե միայն դեկլարատիվ բնույթ կրեն: Հակառակ դեպքում դրանք կարող են ընդհանրապես չլինել, եթե չեն նախանշում ուղենիշեր, չափելի նպատակներ և, որ ամենակարևորն է՝ հստակ գործողությունների պլան: Ինչպես գիտեք, վերջին ՓՄՁ զարգացման ռազմավարություն ունեցել ենք 2016-18թթ. համար, որը, ինչպես և դրա նախորդները, չունեին փաստաթղթից բխող հստակ գործողությունների պլան:
Այստեղ, կհիշեք, մի օրինակ էի բերում, երբ նախորդ ռազմավարությունն ընդունվում էր 2016թ. փետրվարին, իսկ մարտ ամսին կառավարությունը հավանություն էր տալիս Հայաստանում առաջին անգամ ընդունվող հարկային օրենսգրքի նախագծին, ակնհայտ կարևոր փաստաթղթեր մեր երկրի ակտիվ բիզնեսների համար, սակայն իրարից անկախ՝ բերվում էր երկու տարբեր գերատեսչությունների կողմից, որտեղ ևս ակնհայտ առաջնային էր գերատեսչական շահերը, այլ ոչ թե ընդհանուր զարգացման տեսլականը:
Այս նախագծի դեռևս հայեցակարգային ձևավորմանն ի պաշտոնե մասնակցություն եմ ունեցել և կմախքը ձևավորելիս, մեր գործընկեր միջազգային կառույցների աջակցությամբ՝ GIZ և ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, մեծ ռեսուրս ծախսեցինք դաշտային աշխատանքների համար: Հանդիպումներ և հարցումներ կազմակերպվեցին հենց ռազմավարության շահառուների՝ իրական ՓՄՁ-ների հետ, թե ինչպիսի փաստաթուղթ են ուզում տեսնել, ինչ առաջնային խնդիրներ են տեսնում, և այլն:
Որպեսզի շատ չմանրամասնեմ, Դուք ինքներդ կտեսնեք, հենց ռազմավարության նախագծի ներածական բաժնում այս մասով կա անդրադարձ, եթե կարճ, ապա ջանքեր ներդրվեց, որպեսզի ունենանք հնարավորինս ճիշտ ախտորոշում, հետո նոր ստեղծենք «դեղատոմս»:
Նախ այս ռազմավարությունը պլանավորվել էր կազմել ապագա 5 տարիների համար, սակայն դրան կից գործողությունների ծրագիրը՝ տարեկան կտրվածքով խմբագրման պայմանով: Այս պահին մեզ ուղարկված նախագիծը 2019-21թթ. համար է: Շատ գովելի է, որ այն ունի իր հետ միասին գործողությունների պլան՝ 40-ից ավելի գործողություններով: Չնայած այստեղ տարօրինակ է, որ որոշ գործողությունների կատարող ի սկզբանե գրված է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, սա՝ այն դեպում, երբ այս կառույցը ևս, ինչպես մի շարք հիմնադրամներ՝ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների միջոցներով գործողություններ իրականացնելու համար, դեռ պետք է հաղթեն մրցույթում: Սա առանձին քննարկման առարկա է:
Գովելի, առավել հասկանալի է նաև այն փաստը, որ ռազմավարության մեջ նշված են չափելի ցուցանիշներ որոշ նպատակների հասնելու համար՝ ի տարբերություն նախորդ տարիների նմանատիպ փաստաթղթերի:
Ինչպես գիտեք, վերջին երկու տարիներին, GIZ-ի աջակցությամբ, Վիճակագրական կոմիտեն ներդրեց և հանձն առավ տարեկան կտրվածքով հրապարակել վիճակագրական տվյալներ հենց ՓՄՁ դասակարգումով, նրանց մասնակցությամբ երկրի տնտեսական արդյունքների ձևավորման պատկերում: Չնայած այստեղ ՓՄՁ դասակարգումը վերցված է միայն ըստ վարձու աշխատողների քանակի, հաշվի չի առնվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարեկան համախառն եկամուտն ու տարեվերջյան ակտիվները, այլ՝ մոտարկված Եվրոպական միության անդամ երկրների դասակարգմանը: Ինչպես նաև կան ոլորտներ, որոնք այս տվյալների բազայում չեն մասնակցում:
Ինչևէ, ըստ նշված տեղեկագրի՝ 2017թ.-ին ՓՄՁ-ների ստեղծած ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 24,6%, որը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից 0,7% կետով:
Այս ցուցանիշը ռազմավարության նախագծում ներդրել էինք՝ որպես չափելի ցուցանիշներ, և բնական է՝ նպատակ էր դրված ռազմավարության ժամկետի ավարտին հասնել ավելի բարձր ցուցանիշի։ Այս ցուցանիշը հիմա նախագծում չկա, սակայն առկա է, օրինակ, բնակչության 1000 մարդուն բաժին ընկնող ՓՄՁ-ների քանակի ավելացում, որը բխում է կառավարության որդեգրած ներառական տնտեսական աճին ՓՄՁ-ների թվի ավելացումով հասնելուն: Ըստ այդմ՝ Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող 20,1 ցուցանիշը ռազմավարությամբ նպատակ է դրվել հասցնելու 42-ի, այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի: Իհարկե, առկա են նաև այլ ցուցանիշներ՝ արտադրողականության բարձրացման, կրթվածության մակարդակի բարձրացման, և այլն:
– Դրա ադյունքում կունենա՞նք ներառական տնտեսական աճ։
– Ներառական տնտեսական աճ ապահովելու համար, կարծում եմ, նախ պետք է հասկանալ, թե մեր բնակչության քանի տոկոսն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հմտություններով օժտված, կամ, որ ավելի կարևոր է՝ ցանկությամբ: Հիմա այս փաստաթղթին զուգահեռ՝ մեր գործընկեր կառույցներն առաջին անգամ Հայաստանում, բայց առաջինն աշխարհի 100-ից ավելի երկրներում իրականացնում են Global Entrepreneurship Monitor (GEM) վերլուծությունը, որն իր մի շարք այլ ցուցանիշներից բացի՝ դուրս է բերում, թե մեր բնակչության քանի տոկոսն է ձեռնարկատիրական հմտություններով օժտված, և ինչքանով ենք մենք ձեռնարկատիրական (խնդրում եմ՝ այստեղ չդիտարկել ներմուծումն ու առևտուրը, որով զբաղվողները մեր ՓՄՁ-ների մոտ 60 տոկոսն են):
Նման փաստաթղթերն ավելի ռեալիստական պատկեր կհուշեն, եթե նույնիսկ մենք ստեղծենք բարենպաստ պայմաններ, ապա մեր բնակչության քանի տոկոսը կբացեն իրենց բիզնեսները և կլքեն ցածր պետական աշխատավարձով իրենց աշխատավայրերը: Ես բազմիցս ասել եմ, որ ձեռնարկատիրությամբ զբաղվելը համարյա ի ծնե տրված ունակություն է, որոնք ոմանք կյանքի են կոչում, ոմանք՝ ոչ:
Բայց եկեք չշտապենք վերջնական կարծիք հայտնելու համար, քանի որ, ինչպես սկզբում նշեցի, այս պահին սա միայն նախագիծ է, և Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները դեռ պետք է հանրային քննարկում կազմակերպեն, որտեղ կունենանք հնարավորություն է՛լ ավելի հեղափոխական, սակայն իրատեսական գործողություններ անելու առաջարկներ ներայացնելու փաստաթղթում ներառելու համար: Մի բան ակնհայտ է, որ փաստաթղթի ընդունումը պետք է արագացնենք, կամ փոխենք ժամկետներն ու ցուցանիշները, սկսենք հաջորդ տարվանից: