ԵՄ-ի երկրները «բեկստոպը» Brexit-ի անհրաժեշտ պայմանն են համարում. Reuters
«Բեկստոպը»՝ ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո, անհրաժեշտ է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի երկրների կողմից պատրաստված փաստաթուղթը:
«Բեկստոպը» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրում անհրաժեշտ, իրավաբանական տեսակետից գործող որոշում է Իռլանդիա կղզում կոշտ սահմանի վերականգնումը կանխելու համար»,-գործակալությունը քաղվածք է մեջբերել փաստաթղթից:
ԵՄ-ի երկրները նաեւ հիասթափություն են հայտնել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը ցանկանում է «բեկստոպը» փոխարինել «լուծում գտնելու խոստումով», ընդսմին «կոնկրետ առաջարկություններ» չներկայացնելով այդ խնդրի լուծման վերաբերյալ:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Ջոնսոնին մեղադրել է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահման ստեղծելու մտադրության մեջ, քանի որ բրիտանական կողմը, պահանջելով համաձայնագրից բացառել «բեկստոպը», այդ մեխանիզմի որեւէ այլընտրանք չի առաջարկել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հղած նամակում գրել է, որ «բեքստոպի» մասին հիշատակումը չի կարող ներառվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրում:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն Իռլանդիա կղզում հատուկ մաքսային ռեժիմը համարել է «հակադեմոկրատական եւ Միացյալ Թագավորության՝ որպես պետության ինքնիշխանությանը չհամապատասխանող:
«Բեքստոպն» անորոշ ժամկետով արգելափակում է Մեծ Բրիտանիային միջազգային պայմանագրում, որը մեզ պարտավորություններով կկապի մաքսային միության հետ եւ որը նախատեսում է միասնական շուկայի օրենսդրության զգալի մասի կիրառում Հյուսիսային Իռլանդիայում»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: