«Եթե բոլորը գնան մի բուհի նույն ֆակուլտետը, ի՞նչ ենք անելու». Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին
«Մի շարք փոփոխություններ են տեղի ունենալու բուհերում, առաջին հերթին ֆինանսավորման ձևն է փոխվելու, որ հին իներցիոն համակարգով ըստ բուհերի չբաշխենք: Կազմակերպենք քննություններ, դիմորդը ստանալով իր սերտիֆիկատը, որ ընդունվել է բուհ, մասնագիտությունը որոշում ենք, նա ընդունվում է իր ցանկացած բուհի ֆակուլտետը»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ եթե բոլորը գնան մի բուհի նույն ֆակուլտետը, ի՞նչ ենք անելու:
Արայիկ Հարությունյանը նկատեց՝ դա ամենալավ բանն է, որ կարող է տեղի ունենալ՝ մրցակցությունը: Նա նաև նշեց, որ, եթե այս աշնանը հաջողվի ընդունել օրենքը, հաջորդ ուսումնական տարվանից կներդրվի այդ նախագիծը:
Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչ է ենթադրում այս նախագիծը. «Ենթադրենք, որևէ դիմորդ ուզում է տնտեսագետ դառնալ. մենք նրան ոչ թե ասում ենք, որ դու ընդունվել ես այսինչ բուհի տնտեսագիտական ֆակուլտետը, այլ ասում ենք՝ դուք ընդունվել եք տնտեսագիտության ֆակուլտետ, ահա ձեր սերտիֆիկատը, ինքներդ որոշեք, թե որ բուհում եք ուզում գնաք սովորեք: Եվ հետևաբար, ծանոթի սկզբունքը չի աշխատի կամ շատ քիչ կաշխատի: Դա, ըստ էության, դառնում է քվեաթերթիկ, որով նա քվեարկում է այս կամ այն բուհի կամ այս կամ այն ֆակուլտետի օգտին, և այսպես մրցակցային շատ ուժեղ խթան է տրվում բուհերին: Իհարկե, այս ծրագրերը պետք է շատ մանրամասն դիզայն անել, որպեսզի խնդիր չառաջանա, դրա համար ոչ թե այս տարվանից ենք դա անելու, այլ հաջորդ տարվանից»: