«Ես ամբողջովին հերքում եմ այդ տեղեկատվությունը` թե՛ այդ նամակի, թե՛ այդ հոդվածի: Ես նման նամակ չեմ գրել, նման մարդու չեմ ճանաչում անգամ». Հրաչյա Հակոբյան

Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվում, համաձայն որոնց` վերջին ժամանակներում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ակտիվություն դրսևորող ռուսական ընդդիմությանն օգնելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով վարչապետ Փաշինյանի կնոջ եղբայրն է, ինչի մասին, ի դեպ, հիշատակվում է նաև ռուսական մամուլում:

Մասնավորապես, նշվում է, որ Հրաչյա Հակոբյանը նամակ է հղել «Բաց հասարակությունների» ինստիտուտի գլոբալ օպերացիաների տնօրեն Գրեգ Թեյլորին:

Ըստ այդ հրապարակման` Հրաչյա Հակոբյանն այդ նամակում մասնավորապես նշել է.

«Հաշվի առնելով համագործակցության արդյունավետությունը և հաստատված վստահությունը ռուսական ընդդիմության հետ` մենք ռեալ նախադրյալներ ենք տեսնում Ռուսաստանում դեմոկրատական իշխանափոխության համար: Մեր հաշվարկներով` երաշխավորված արդյունք և ռուսական քաղաքականության մեջ անշրջելի փոփոխություններ հնարավոր կլինեն միայն համատեղ նախագծերի ֆինանսավորումը 2.5 անգամ մեծացնելու դեպքում»:

Հրապարակման մեջ բերված է նաև այդ նամակի սկանավորված տարբերակը` ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ստորագրությամբ:

168.am-ը Հրաչյա Հակոբյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք վերջինս այդպիսի նամակ գրել է Սորոսի ֆոնդի նշված պատասխանատուին:

«Ես ամբողջովին հերքում եմ այդ տեղեկատվությունը՝ թե այդ նամակի, թե այդ հոդվածի: Ես նման նամակ չեմ գրել: Նման մարդու չեմ ճանաչում անգամ, ոչ էլ տենց լրատվամիջոց գիտեմ»,- ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը` շեշտելով, որ նման բան տեղի չի ունեցել:

Մեր ճշտող հարցին, թե ինքը կարծում է, որ հրապարակման մեջ առկա նամակը և իր ստորագրությունը կե՞ղծ են, սարքա՞ծ են, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Ոչ թե կարծում եմ, այլ պնդում եմ, որ դա սարքած է: Ինձ Ֆեյսբուքով ուղարկել էին, ես մտածեցի` ինչ-որ անլուրջ բան է, բայց փաստորեն, եթե դուք եք զանգում, ես հասկանում եմ, որ մի փոքր, կարող է, աղմուկ է բարձրացել»:

Նա նաև հավելեց, որ մեր հրապարակմամբ ինքը պաշտոնապես կհերքի այդ հրապարակումը:

«Այդտեղ իմ ստորագրությունը ես տեսա, ինքը լրիվ կեղծ ստորագրություն է: Դա իմ ստորագրությունը չէ, նմանեցված է իմ ստորագրությանը: Նամակը չեմ կարդացել, որովհետև շատ լղոզված էր երևում, երկար էր, տեղն էլ հարմար չէր, որ բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանայի, բայց միանշանակ դա կեղծած նամակ է: Ես պաշտոնապես կհերքեմ ձեր հրապարակումը լինելուց հետո: Պաշտոնապես կտեղադրեմ Ֆեյսբուքի իմ էջում ու այդ ձևով կհերքեմ»,- եզրափակեց Հրաչյա Հակոբյանը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս