Հայաստանում տիրում է դասական ընտրովի արդարադատության ժամանակաշրջան
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասարակությունն աստիճանաբար ականատես դարձավ պետական ապարատի և առանցքային ոլորտների արհեստական ու վիրահատական ձևախեղումների։ Այս գործընթացն իր արտացոլումը գտավ հատկապես քննչական և նախաքննական մարմիններում՝ ՀՔԾ-ում, դատախազությունում։
Նշված երկու կառույցները, ըստ էության, համարվում են անկախ մարմիններ, որոնք պարտավոր են ուսումնասիրել երկրի ներսում առկա քրեական հարցերն ու երկրում իրավական առողջ մթնոլորտ ապահովել։ Սակայն այն, ինչին ականատես դարձանք վերջին մեկուկես տարվա ընթացքում, դուրս է ցանկացած հզոր ֆանտազիա ունեցող մարդու երևակայությունից։
Փաստ է, որ վերջին շրջանում ականատես դարձանք ՀՀ դատաիրավական ոլորտի նկատմամբ հասարակության գերկենտրոնացվածության դեպքերի, որոնք հիմնականում տեղի են ունենում իշխանությունների «անկողմնակալ» ու անմիջական ուղղորդմամբ։ Նիկոլ Փաշինյանն իր կողմից նախաձեռնած «հեղափոխության» սկզբնախաղում անընդհատ հայտարարում էր, որ ինքն ընդհանրապես չի խառնվելու քննչական մարմինների, դատարանների և գործադիրի կոմպետենցիայից դուրս գտնվող մարմինների աշխատանքին: Ավելին՝ անընդհատ շեշտում էր, թե «այլևս չեն լինելու ընտրովի արդարադատության և զանգովի հարց լուծելու հին բարքերը»։
Սակայն հերթական անգամ բոլորս ականատես եղանք հակառակ պատկերին. նախ՝ մեկ տարի առաջ հայտնի գաղտնալսումից պարզ դարձավ, որ դատավորները, այնուամենայնիվ, վերևներից, լուրջ գործերից առաջ, այսպես ասած՝ «սպռոս» են անում, տեսանք, որ ՀՔԾ-ն ունի իր համար «խոսացող» փաստաբաններ, որոնք, ըստ նրանց, հանրության մոտ կարծիք են փոխում ու հեղինակություն վայելում, դե, իսկ դատարանները շրջափակելու հայտնի «օպերացիան» ամբողջացնում է նշյալ պատկերը։
Այս ամենը, սակայն, ավելի է լոկալանում, երբ կոնկրետ իշխանությունների ցուցումով սկսվում են ինչ-որ արհեստական գործեր «կարվել» այն անձանց կամ նրանց մտերիմների նկատմամբ, ովքեր իշխանությունների համար համարվում են ռիսկային ու «քլնգող»։
Նման գործիչներին նախ՝ փորձում են հնարավոր բոլոր տարբերակներով «արգելափակել»՝ փորփրելով անցյալը, նրանց տարբեր դավադրությունների ու ֆինանսական մեխանիզմներում ներգրավման փորձ կատարելով, և միայն բոլոր ձախողումներից հետո անցում են կատարում մտերիմներին, հարազատներին կամ ուղղակի ընկերներին՝ այդ կերպ փորձելով «փակել» նրանց բերանը։ Նման գործելաոճը բնորոշ էր անցնող դարի 30-40 ական թվականներին խորհրդային ՆԿՎԴ-ի գործունեությանը, երբ իշխանության հասցեին հնչեցված ցանկացած քննադատություն նախ զեկուցվում էր ընկեր Եժովին, ապա, համապատասխան ցուցումից հետո, տվյալ անհատը լիկվիդացվում էր հասարակությունից՝ համարվելով պետական դավաճան ու ազգի թշնամի։
Երկրի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ դատական իշխանությունն անկախ է, և ինքը չի խառնվում այդ ամենին, բայց ինչքան էլ նա հայտարարում է, որ դատական համակարգն անկախ է, Փաշինյանն ուղղակի երաշխավորել է այդ մարմինների բնականոն գործունեությունը և ուղղակի պատասխանատու է, երբ այդ մարմիններում տեղի են ունենում որոշակի ոչ իրավաչափ գործառույթներ։
Նախօրեին ականատես դարձանք մի հերթական «կարված» գործի, երբ ձերբակալվեց Արմեն Աշոտյանի ընկեր ու օգնական Արամ Բարսեղյանը, ով մեղադրվում է պետությանն առանձնակի խոշոր չափի վնաս հասցնելու և պետբյուջեի միջոցները մսխելու մեջ։
Նշենք, որ Բարսեղյանը, բացի Աշոտյանի օգնականը լինելուց, մեկ այլ հաստատությունում գրացված է եղել՝ որպես պահակ։ Այստեղ առաջանում են մի քանի պարզ ու հասարակ հարցեր. եթե կա պետությանը պատճառված վնաս, ինչո՞ւ փոխհատուցման մասին ՀՔԾ-ն ոչինչ չի խոսում, կամ՝ ինչո՞ւ է մարդն անմիջապես ձերբակալվում այս հասարակ արարքի համար։ Ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ մտածելով, որ մարդը պետք է երկրից դիմի փախուստի, երբ, ըստ տեղեկությունների, նա այս ընթացքում քանիցս լքել է ՀՀ սահմանը, ապա նորից վերադարձել։
Նմանօրինակ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում տասնյակ-հազարավոր մարդկանց պետք է ձերբակալել, քանի որ գաղտնիք չէ, որ ՀՀ-ում այդ պրակտիկան գոյություն ունեցել է և ներկայումս էլ գործում է։ Կատարվածը, իհարկե, «Երալաշի» ժանրից է, քանի որ նման անհեթեթ մեղադրանք (առաջին հայացքից պարզ է, որ թեման Աշոտյանին չեզոքացնելն է) ներկայացնելն անգամ, ամենաիրատեսական մարդու մոտ ժպիտ է առաջացնում այն դեպքում, երբ հիշում ենք, որ մեկ շաբաթ առաջ՝ Վարդավառի տոնին, իշխանություններն ԱԺ գորգերը լվանալու համար պետբյուջեից ծախսեցին 5 մլն դրամ:
Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, իշխանական պատգամավորներից մեկի ընկերոջ ԱՁ-ն էր հաղթել այդ մրցույթում։ Հավանաբար դեռ չենք մոռացել, որ «Քաղաքացու օր» կոչված տրագիկոմեդիայի վրա ծախսվեց 124 մլն դրամ՝ խորոված ու քաբաբ ուտելու համար։ Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում տիրում է դասական ընտրովի արդարադատության ժամանակաշրջան, և հենց գործող իշխանություններն են վայելելու դրա հետանքները:
Արման Գալստյան