«ԱԺ-ում Վարդավառի միջոցառման մրցույթը հաղթել է ընկերուհիս, սակայն ես մրցույթի արդյունքների հետ կապ չունեմ». Լուսինե Բադալյան. tert.am
Վարդավառի տոնի առիթով ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին: Միջոցառման համար հատկացվել է մոտ 5 մլն դրամ՝ 4 մլն 941 հզր ՀՀ դրամ: Այս մասին երեկ Tert.am-ի՝ Վարդավառի տոնակատարության ծախսերի վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին ԱԺ-ից:
Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում ներկայացված տվյալների՝ «ՄԵՐԻ ՍՈԼՈՅԱՆ ԱԼԲԵՐՏԻ Ա/Ձ»-ն գրանցվել է Վարդավառի տոնակատարությունից (28-08-2019) ընդամենը 5 օր առաջ՝ 2019 թ. հուլիսի 23-ին:
Ըստ Analitik.am կայքի՝ Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին է:
Լուսինե Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, ասաց՝ այդպես է, սակայն ինքը մրցույթի արդյունքներից տեղյակ չի եղել:
«Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է՝ իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով՝ այնպես չէ, որ ես տեղյակ եմ՝ ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ:
Ինձանից կարծիք չեն էլ հարցրել՝ ինչպես կազմակերպեն, ում հրավիրեն: Ես քաղաքում չէի, ինձ գրեցին՝ էս ինչ օրը կկարողանա՞ս քաղաքում լինել, վարել, ես ասացի՝ այո, գնացի, տեսա՝ իմ ընկերուհիներն էին, հաճելի անակնկալ էր: Ինքը չլիներ, ուրիշը լիներ, էլի իմ ընկերներ էին լինելու, քանի որ հաշվի առեք, որ ես 20 տարի այդ ասպարեզում եմ աշխատել ու միջոցառումներ եմ վարել, բոլոր կազմակերպիչների հետ ընկերական հարաբերություններ կան: Ես ակնարկը հասկանում եմ, որ հավանաբար ես եմ կազմակերպել և այլն, բայց իմ կարծիքը բացարձակապես ոչ ոք չի հարցրել: Շատ ուրախ եմ, որ իմ ընկերուհիներն այնքան լավ են կազմակերպում, որ իրենք են հաղթում»,-մանրամասնեց Լուսինե Բադալյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: