Բաժիններ՝

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր ելույթում, ի թիվս այլ ռազմավարական նպատակադրումների, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2050 թվականը պետք է ստեղծի 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծի 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնի աղքատությունը։

ՀՀ կառավարությունն այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը»։

Ըստ այդմ՝ նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը:

Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։

Նախորդ ռազմավարությունը նախատեսված էր 2013-2018 թվականների համար:

Այն, որպես թիրախ՝ սահմանել էր անցումը զբաղվածության պասիվ ծրագրերից ակտիվ ծրագրերի, ինչով պայմանավորված՝ աստիճանաբար ավարտին հասցվեց գործազրկության նպաստի ծրագիրը՝ որպես զբաղվածության պասիվ ծրագիր, և ազատված ռեսուրսներն ուղղվեցին զբաղվածության նոր ակտիվ ծրագրերի ներդրմանը` հիմնված կայուն զբաղվածության ապահովման սկզբունքի վրա: Փաստաթղթի հեղինակները նկատում են, որ ներդրված ակտիվ ծրագրերն ունեցել են մի շարք կազմակերպակառավարչական խնդիրներ և սահմանափակումներ, որոնք նվազեցրել են այդ ծրագրերի կիրառման հնարավորությունը:

«Ռազմավարության իրականացման ընթացքում նաև զգալիորեն փոխվել է զբաղվածության ծրագրերից բխող հիմնական գործողությունների վեկտորը և տարեցտարի անցում է կատարվել կայուն զբաղվածության ակտիվ ծրագրերից ժամանակավոր զբաղվածության ծրագրերի (2016-2018 թվականներին զբաղվածության ամենամյա տարեկան ծրագրի բյուջեի մոտ 60%-ը կազմել էին ժամանակավոր զբաղվածության ծրագրերը):

Նշված փոփոխությունները լուծել են բնակչության զբաղվածությունը կարճաժամկետ ժամանակահատվածում, և ակնհայտ էր, որ ի սկզբանե չէին կարող էականորեն ազդել գործազրկության մակարդակի և գործազուրկների թվի կրճատման վրա: Զբաղվածության խնդիրների լուծման վրա իր էական բացասական ազդեցությունն է ունեցել նաև երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունը՝ պայմանավորված համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի կտրուկ դանդաղեցմամբ, նոր ստեղծվող աշխատատեղերի թվաքանակի նվազմամբ, մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածության մեծացմամբ, գործազրկության միջին ժամկետի ավելացմամբ, և այլն:

Զբաղվածության ծրագրերի արդյունավետության վրա իր բացասական ազդեցությունն է թողել նաև նպաստների համակարգը, երբ ամեն գնով նպաստ ստանալու ձգտումը բնակչության մի որոշ մասի մոտ առաջացրել է աշխատանքից խուսափելու կամ ոչ ֆորմալ զբաղված հանդես գալու ձգտումը:

Այս երևույթն էլ ավելի է ամրապնդել աշխատաշուկայում առկա ցածր աշխատանքի վարձատրությունը, ինչով պայմանավորված՝ բնակչության մի մասը գերադասել է ստանալ նպաստ, այլ ոչ թե լինել զբաղված»,- ասվում է փաստաթղթում և նշվում, որ 2019 թվականին որպես ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ՝ սահմանվել է զբաղվածության միջոցով նպաստների ապախթանումը՝ քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացումը, որի համար հիմք պետք է դառնա հավասար հնարավորությունների ապահովումը և աշխատանքի քաջալերումը։ Երկրում աղքատության հաղթահարման առաջնային գործիքը՝ ըստ կառավարության ծրագրի, պետք է դառնա աշխատանքը, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը:

Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:

Նախատեսվում է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, ներդնել նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:

«Հաշվի առնելով կառավարության ծրագրի վերը նշված նպատակադրումները, զբաղվածության ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը ձեռք է բերում առավել մեծ կարևորություն»,- ասված է ռազմավարության նախագծում:

Սակայն նշենք, որ առայժմ վիճակագրությունն այնքան էլ հուսադրող չէ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում 2018-ի համեմատ եթե զբաղվածների թիվն ավելացել է 1.2%-ով, ապա գործազուրկների թվի աճը շատ ավելի է՝ 6.7%։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս