Բաժիններ՝

«Մեր ներկրողները ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելով՝ հարկային մարմին ներկայացնում են կեղծ հաշիվ-ապրանքագրեր». ՊԵԿ փոխնախագահ

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2019թ. 7 ամսվա ընթացքում ՊԵԿ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի 407 հոդվածով նախատեսված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մասով արձանագրվել է թվով 126 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով:

«Լիցենզավորմանկամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու մասով բացահայտվել է թովով 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով:

Խախտումներ են արձանագրվել առանց փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքերի մասով, պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՏՄ երկրներից ապրանքների ներմուծումների ընթացքում եղած չարաշահումներին, ասաց, որ այս մասով արդիական են ապրանքների ձեռքբերման մասով ԵՏՄ տարածքում տրամադրվող հաշվարկային փաստաթղթերում ամրագրվող ապրանքների արժեքների վերաբերյալ տեղեկությունների կեղծ լինելը.

«Սա նշանակում է, որ մեր ներկրողները ԵՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ՝ հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում էականորեն ցածր են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել և ներքին շուկայում փոխել ապրանքի գինը: Արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է: Չարաշահումների միջոցով ապրանքներ ներկրողներն ավելի նպաստավոր իրավիճակում են հայտնվում: Այս մասով ունենք բացահայտված մի շարք դեպքեր»:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ հաճախ ընկերություններն արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը՝ մանր բիզնեսների միջոցով փորձելով զերծ մնալ ԱԱՀ շեմի գերազանցումից.

«Իրական շահառուներին գտնելու նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:

ՊԵԿ փոխնախագահը հաջորդ խնդիրը համարեց ընկերությունների կողմից հարկերի թվացյալ օպտիմալացման մեխանիզմի ներքո ձևակերպվող գործարքները, որոնք հետագայում հնարավորություն են տալիս շահութահարկից կատարել նվազեցումներ և վճարել պակաս հարկեր: Նա նշեց, որ նմանատիպ դեպքի օրինակ են ապահովագրական ընկերությունները, առկա են քրեական գործեր.

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ԱՁ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ: Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել շուրջ 137.641.065 դրամի հարկային պարտավորություն: Այս ուղղությամբ նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս