
Ավարտվել է «Թուրքական հոսք» գազամուղի սերբական տեղամասի առաջին հատվածի շինարարությունը

Ավարտվել է «Թուրքական հոսք» գազամուղի 403-կիլոմետրանոց տեղամասի, որն անցնելու է Սերբիայի տարածքով, առաջին հատվածի շինարարությունը: Այդ մասին հայտնել է Վոյեւոդինայի հեռուստառադիոկայանը:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է Բուլղարիայի սահմանից մինչեւ Չուպրիա քաղաք ձգվող հատվածին: Ներկայում ընթանում են երկրորդ՝ Չուպրիայից մինչեւ Դանուբ հատվածի կառուցման աշխատանքները: Ընդամենը կառուցվելու է չորս տեղամաս, պլանների համաձայն, գազատարի շինարարությունը կավարտվի մինչեւ տարեվերջ:
Աշխատողների խոսքով՝ երկրորդ հատվածի շինարարության ընթացքում կօգտագործվեն ավելի քան 50 հազար տոննա խողովակներ: «Թուրքական հոսք» նախագիծը գազատարի անցկացում է նախատեսում Սեւ ծովի հատակով մինչեւ Թուրքիայի եվրոպական մաս եւ այնուհետեւ մինչեւ Հունաստանի հետ սահմանը:
Առաջին ճյուղը նախատեսված կլինի թուրքական շուկան ապահովելու, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներին գազի մատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: