Բաժիններ՝

«Նման բան չկա, դա ապատեղեկատվություն է». Քաղաքապետի խոսնակ

Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է: «Չեմ կասկածում՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները, բայց այնքան են անճարացել, որ հերիք չէր «ՍանիՏեքին»  չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել, հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել, որ այդ պրոբլեմի լուծումը թողնում են երևանցիների վրա։

Կարո՞ղ է վաղն էլ բնակիչներին ասեն՝ հարևաններով փող հավաքեք, ձեր համար աղբաման առեք։ Իսկ եթե աղբամաններ գնելու դիմաց ինչ-որ բան են խոստացել սրճարանների տերերին, ապա դա ընդամենը կոռուպցիա է»,- գրել էր նա։

168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ նման բան չկա՝ դա ապատեղեկատվություն է։

«Քաղաքապետարանը  որևէ մեկին չի պարտադրել և չի էլ կարող պարտադրել։ Քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերում ավելի քան 8000 աղբաման՝ մայրաքաղաքում տեղադրելու համար։ Այդ աղբամաններից շուրջ 280-ն արդեն տեղադրվել է Դավիթաշեն վարչական շրջանում։ Համայնքն ունի բավարար բյուջե, որպեսզի այդ աղբամանները ձեռք բերի»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Ռուսլան Բաղդասարյանի գրառումն ամբողջովին ապատեղեկատվություն է և, ըստ նրա՝ նախկինում էլ մի քանի անգամ նա քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, որին արձագանքել են։

«Կարելի է հասկանալ Ռուսլան Բաղդասարյանի՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելու մոտիվները, հայտնի է, որ իրավապահ մարմինները Դավիթաշեն վարչական շրջանում բացահայտել են առանձնապես խոշոր ծավալների չարաշահման դեպքեր՝ կապված այն ժամանակահատվածի հետ, երբ վարչական շրջանը ղեկավարում էր Ռուսլան Բաղդասարյանը կամ նրա նախորդը՝ Արթուր Գևորգյանը»,- եզրափակեց Հ. Կարապետյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս