
Աֆղանստանի նախագահը ներում է շնորհել 35 թալիբ բանտարկյալների

«Թալիբան» արմատական շարժման առնվազն 35 զինյալներ, որոնք գտնվում էին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության բանտում, ազատ են արձակվել նախագահ Աշրաֆ Ղանիի հրամանագրով: Այդ մասին հայտնել է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:
Համաներման մասին հրամանագիրն ստորագրվել է «Իդ ալ Ադհա» (Ղուրբան-բայրամ) տոնի կապակցությամբ: Բանտարկյալներն ազատվել են որպես բարի կամքի դրսեւորում՝ «հրադադարի հաստատմանն աջակցելու համար»:
Ինչպես նշում է գերատեսչությունը, կալանավորներին ազատելը կառավարության պատրաստակամության վառ օրինակ է խաղաղության հարցերը լուծելու եւ հակամարտությանը վերջ դնելու գործում:
Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը հաստատակամորեն կոչ է արել ազատ արձակված թալիբներին՝ հրաժարվել «խաղաղության եւ երկրի կայունության թշնամիների» հետ փոխգործակցությունից»,-նշում է գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: