Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի մոտ՝ պահանջելով արձագանքել դատական իշխանության կոլապսին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ պահանջելով ԲԴԽ նախագահից և անդամներից՝ հայտնել իրենց կարծիքը դատական ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«ԲԴԽ-ի վերաբերմունքն արհամարհանք է հասարակության և ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ, քանի որ ամեն ինչ չպետք է հասցնեն մի իրավիճակի, երբ մարդիկ գան և պահանջեն, որպեսզի նրանք արձագանքեն դատական իշխանության կոլապսին։ Արդեն երրորդ օրն է, մենք իրականացնում ենք այս ակցիան, սակայն ձայն բարբառոյ հանապատի։ Մարդկանց, ի վերջո, հետաքրքրում է՝ դատավորները վնգստո՞ւմ են, թե՞ ոչ, շատ են հարցերը, որոնց պատասխանն ի վերջո պետք է տա Բարձրագույն դատական խորհուրդը»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Վահե Եփրիկյանը։

Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն ոչ միայն Քոչարյանի, Սահմանադրական դատարանի ու դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակին չի արձագանքում, այլև մի շարք այլ հարցերի։ Ուստի իրենց բողոքը ոչ թե Քոչարյանի գործի համար է, այլ ամբողջ դատական համակարգի, որն այսօր կաղում է։

«ԲԴԽ-ն պետք է արձանագրի բոլոր այս խախտումները և փորձի ստեղծել և երաշխավորել անաչառ դատարան։ Եթե Հայաստանում նման կերպ ոտնահարվում է  արդարադատությունը, և գործադիր մարմնի ղեկավարը դատական իշխանությանն անվանում է վնգստացողներ, ԲԴԽ-ն այդ ամենին որևէ կերպ չի արձագանքում։ Մենք ցանկանում ենք այս մարդկանց սթափեցնել»,- հավելեց նա։

Ակցիայի ընթացքում մասնակիցներին տեղեկացրեցին, որ ԲԴԽ-ն խորհրդակցություն է անցկացնում, ուստի չի կարող իրենց հետ հանդիպել, ինչից հետո նրանք որոշեցին, որ կսպասեն այնքան, մինչև իրենց լսեն։

Վահե Եփրիկյանն էլ տեղեկացրեց, որ անձամբ մինչև աշխատանքային օրվա ավարտը սպասելու է՝ հասկանալու համար՝ նի՞ստն է պատճառը, որ որևէ մեկն իրենց չլսեց, թե՞ այլ հարց կա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս