«Ես երբևէ չեմ ասել, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Սամվել Բաբայան

«Որևէ միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, որովհետև գաղափարական խնդիրներ կան: Նման հարցեր Արայիկ Հարությունյանի հետ չենք քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ որևէ մեկի հետ որևէ բան կիսելու բանակցություններ չեն եղել:

Նա նշեց, որ Արցախում հատուկ վիճակ չկա, կա ընտրապայքար. «Ես հանդիպել եմ 7 կուսակցության ղեկավարների հետ, ինչո՞ւ եք Արայիկ Հարությունյանի անունը միայն շոշափում: Իշխանական թևը, որն այսօր ղեկավարում է, ցավալի են տանում՝ ինչու ենք հանդիպում, դրա համար մտահոգված են: Տղաներ, մի մտահոգվեք, որևէ նոր բան չկա, մենք միայն խոսում ենք, որ 22 հազարից ավելի ստորագրություն չանտեսվի: Կան քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, որ մի մարդու համար պետք չէ Սահմանադրություն փոխել, բա Սահմանադրությունը մի մարդու համար չե՞ն փոխել. 3 տարով երկարաձգել՝ անօրեն նստել է: Այդ ժամանակ չէին տեսնում, լավ չէին գիտակցում: Ժողովուրդը տվել է իր ստորագրությունը, օրենքը դա պահանջում է, մենք օրենքով շարժվում ենք առաջ»:

Արցախում մթնոլորտը, ըստ նրա՝ լարված չէ:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ստեփանակերտյան ելույթին, նա ասաց, որ ինքը միշտ միացման կողմ է եղել, քայլեր է անում, որ միացումը լինի, բայց ըստ նրա՝ պետք չէ դրա մասին բացահայտ հայտարարել. «Փաշինյանի արտահայտությունը ողջունում եմ, առաջին ղեկավարն է, որ բացահայտ նման հայտարարություն է անում: Բայց քանի որ Ղարաբաղում ընտրվում է ղեկավար, նա պարտավոր է ներկայացնել Ղարաբաղի շահերը բանակցություններում: Այ, երբ որ կնշանակվի մարզպետ, այդ օրվանից այլևս պետք չի լինի»:

Կարդացեք նաև

Սամվել Բաբայանն ասաց, որ ՀՀ իշխանությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ Արցախի ընտրությունները լինելու են թափանցիկ, դրա մասին է վկայում Փաշինյանի հայտարարությունը. «ՀՀ իշխանությունները իր բոլոր ջանքերը ներդնելու է, որ թափանցիկ ընտրություններ լինեն, և ընտրություններից դուրս գանք համախմբված, այլ ոչ թե մասնատված»:

Նա նշեց, որ, եթե ժողովուրդը ցանկություն ունի իր նպատակներին հասնելու, կազմակերպվելու է  և պահանջի, թե ինչու են իր ստորագրություններն անտեսվում. «Ժողովուրդը եթե ցանկություն ունենա, չի բացառվում, որ գնա պահանջելու, պարտադրելու ճանապարհով»:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Բաբայանը նաև նշեց, թե երբևէ չի ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. «Ասել եմ, որ դատը կլինի, մենք մեր տեսակետը կարտահայտենք: Ասել եմ՝ դատարանն է որոշելու: Որևէ տեղ չեմ ասել, թե Քոչարյանը քաղբանտարկյալ է»:

Տեսանյութեր

Լրահոս