Բաժիններ՝

«Կարգի առկայության դեպքում պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից». Ռուբեն Հայրապետյանը՝ իր ատենախոսության շուրջ առկա աղմուկի մասին

«Վերջին շրջանում ատենախոսության թեման շատ շահարկվեց, եղան մեկնաբանություններ, որի մեծ մասն իրականության հետ կապ չի ունեցել։ Ցավոք, ոլորտը կարգավորող օերնսդրությամբ գրագողություն հասկացություն չկա։ Հավանաբար տեսել եք ԲՈԿ-ի նախագահի կարծիքն իմ ատենախոսության վերաբերյալ, թե առկա թերություններն ինչպիսին են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ իր գրած ատենախոսությունն ամբողջովին գրագրողություն է։

Նրա խոսքով՝ այն շահարկումները, որոնք կապված են գրագողության հետ, իրականում վերաբերում են ատենախոսության տեսական հատվածի այն գաղափարների ու մտքերի հետ, որտեղ հղումների հետ կապված կան խնդիրներ կամ հղումները բացակայել են։

Նա ցավով արձանագրեց, որ իրական գիտական հետազոտությունների դաշտը ձևավորում են ըստ էության զրոյից։

«Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչև հիմա պաշտպանվել են, և այնտեղ չի եղել որևէ խնդիր հղման հետ կապված, դրանք համաշխարհային տնտեսագիտության առումով 99 դեպքերում ունեցել են զրոյական արժեք։ Փաստացի մենք ձևավորել ենք տնտեսագիտության մի համակարգ, որտեղ աշխարհի համար ճանաչելի ու ընկալելի չի եղել, թե մենք ինչով ենք զբաղված։ Եղել են տարբեր տեսակի խնդիրներ ու թերություններ՝ կապված չափանիշերի հստակության բացակայության հետ։

Այս ամենով հանդերձ, ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո շարունակել եմ հետազոտական առումով աշխատել իմ դոկտորական ատենախոսության վրա և այն ուղարկել ազդեցություն ունեցող ամսագրերի, որպեսզի կարողանանք գոնե արդյունք ստեղծել։ Այս ամենից հետո գտնվում են մարդիկ, որոնք իրենց սեփական ատենախոսության հեղինակը չեն և քննարկում են, որ իմ ատենախոսության տեսական հատվածներում հղումների հետ կապված խնդիրներ կան»,- շեշտեց Ռ. Հայրապետյանը։

Նա նաև նկատեց՝ շատ են խոսում, որ, եթե ատենախոսությունը գրագողություն է, ապա գիտական աստիճանից պետք է զրկել։

«Հարգելիներս, նման խոսակցությունները պարզապես զավեշտալի են, քանի որ, ցավոք, մեր երկրում չկա այն կարգը, որով ԲՈԿ-ը կամ այլ մարմիններ կարողանան դրա ուժով  որոշում կայացնել։ Այս ամենի մասին ես ասել եմ նաև ԲՈԿ-ի նախագահին։ Ես երբեք չեմ բացառել ու չեմ բացառում, որ իմ ատենախոսության մեջ եղել են խնդիրներ, և դա է պատճառը, որ կարգի առկայության դեպքում պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս