
Աթենքի մերձակայքում անտառային սաստիկ հրդեհ է մոլեգնում

Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ՝ Պեանիա փոքր քաղաքի շրջանում, ոստիկանությունը տարահանում է բնակիչներին: Այդ մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը: Օգոստոսի 10-ից Հունաստանում գործում է հրդեհային վտանգի կարմիր մակարդակ՝ 40 աստիճան շոգի եւ ուժգին քամու պատճառով: Չնայած կանխարգելիչ բոլոր միջոցառումներին, օգոստոսի 10-ին տեղի է ունեցել 59, օգոստոսի 11-ին՝ 63 անտառային հրդեհ:
«Այսօր 03:18-ին Ատտիկայի Պեանիայում, Հիմիտոս լեռան ստորոտի մոտ անտառային հրդեհ է բռնկել: Անհապաղ պատահարի վայր են ուղարկվել հրշեջ ուժեր (133 հրշեջ, 42 ավտոմեքենա), եւ դրանք մշտապես ուժեղացվել են հարեւան շրջանների հրշեջներով»,- ասված է ՌԻԱ Նովոստիում ստացված հաղորդագրության մեջ: