Բաժիններ՝

Տարանտինոն չի բացառել, որ իր հաջորդ ֆիլմը կդառնա վերջինը

Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պլանավորում է նկարահանել իր տասներորդ ֆիլմը, որը վերջինը կդառնա իր համար:

«Ես ցանկանում եմ ստեղծել տասը ֆիլմ, ես ցանկանում եմ, որ հայտնվի եւս մեկ ֆիլմ: Ես եւս մեկ մտահղացում ունեմ»,-ասել է Տարանտինոն Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ իր «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայից առաջ:

Ռեժիսորը նշել է, որ նոր կինոնկարում ներդրել է այն ամենը, ինչ ծրագրել էր: «Եթե պատկերացնելու լինենք, որ իմ բոլոր ֆիլմերը պատմում են միեւնույն պատմությունը եւ յուրաքանչյուր ֆիլմ «շոգեքարշի վագոնիկ» է, ապա ես ցանկանում եմ ստեղծել մի ֆիլմ, որը կավարտի այդ պատմությունը»,-հավելել է Տարանտինոն: «Այդ ֆիլմը կդառնա իմ բոլոր ֆիլմերի ջատագովը»,-պատմել է ռեժիսորը: 56-ամյա Տարատինոն համաշխարհային փառք է ձեռք բերել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» կինոնկարի թողարկումից հետո: Նրա աշխատանքների թվում են՝ «Կատաղած շները» (1992 թ.), «Սպանել Բիլին» (2003 թ.), «Սպանել Բիլին 2» (2004 թ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ֆիլմերը: Նրա վեց ժապավեններ տեղ են գտել FHM հանդեսի վարկածով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի» ցուցակում:

«Մեկ անգամ… Հոլիվուդում»-ը Տարանտինոյի իններորդ ֆիլմն է, որը վարձույթում կհայտնվի օգոստոսի 8-ին: Կինոնկարը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք 1969 թվականին ծավալվում են Լոս Անջելեսում: Սյուժեի հիմքում ընկած է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի՝ Ռիք Դալթոնի եւ նրա դուբլյորի՝ Քլիֆ Բութի պատմությունը: Գործողությունը տեղի է ունենում Չառլզ Մենսոնի հրոսակախմբի մասնակցությամբ իրադարձությունների եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության ֆոնին, Լեոնարդո դի Կապրիոն մարմինավորում է հոլիվուդյան «աստղին», իսկ Բրեդ Փիթը՝ նրա դուբլյորին: Բացի Լեոնարդո դի Կապրիոյից եւ Բրեդ Փիթից, ֆիլմում նկարահանվել են նաեւ այլ հայտնի դերասաններ՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանթը, Դաքոթա Ֆանինգը եւ Լյուք Փերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս