Ռուս-վրացական պատերազմից 11 տարի անց․ ինչ հետևություն պետք է անի Հայաստանը

Այսօր լրանում է Հարավային Կովկասը «պայթեցրած» ռուս-վրացական կարճաժամկետ ռազմական բախումների 11-րդ տարին։ Հնգօրյա պատերազմի հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, տասնյակ-հազարավոր մարդիկ զրկվել իրենց բնակավայրերից, ռմբակոծվել են տասնյակ բնակավայրեր՝ ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ՝ Վրաստանի տարածքում: Պատճառներից մեկը դարձավ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու՝ Թբիլիսիի մտադրությունը: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ ռուսական զորքը Հարավային Օսիա է մտել մինչև վրացական զինուժի գործողությունները:

Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: Վրաստանի և Ռուսաստանի միջև հրադադարի հաստատումը հնարավոր դարձավ Եվրամիության և Ֆրանսիայի ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ:

Մոսկվան պատերազմի ավարտից 13 օր անց պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչը Թբիլիսին որակեց՝ Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ հերթական ոտնձգություն, և խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հարաբերությունները խզված են մինչ այժմ, ավելին, վերջերս Վրաստանի խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը ռուս խորհրդարանականի հանդուգն պահվածքը հանգեցրեց ներքաղաքական իրավիճակի ապակայունացման Վրաստանում՝ ռուս-վրացական հարաբերություններում սրման նոր ալիքի պատճառ դառնալով։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի 11-րդ տարվա կապակցությամբ, ուր նշված է, որ ռազմական լայնածավալ ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի անքակտելի երկու շրջանները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան:

«Ռազմական ագրեսիան 11 տարի առաջ իրականացվել է՝ ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Դա փորձ էր՝ ուժի միջոցով փոխել ինքնիշխան պետության սահմանները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համակարգին և եվրոպական անվտանգությանն ընդհանրապես»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը մինչև հիմա չի կատարում Եվրամիության օժանդակությամբ 2008-ի օգոստոսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի դրույթները՝ շարունակելով խախտել միջազգային պարտավորությունները: 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի թե քաղաքական, թե դիվանագիտական, թե ռազմական հետևանքները  ոչ միայն՝ հակամարտող երկրների, այլև՝ ողջ Հարավային Կովկասի համար վերացած չեն։

168am-ի հետ զրույցում վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում 11 տարին փոփոխություններ գրեթե չի բերել, ռուս-վրացական խնդիրները պահպանվում են։

«Ինչպես ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ է նշել, Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի շրջանները, ինչը ժամանակի ընթացքում չի կարող փոխել հասարակության, քաղաքական վերնախավի վերաբերմունքը։ Այն, որ այդ վերաբերմունքը չի փոխվել, մենք տեսանք վերջերս, երբ ռուս քաղաքական գործիչը, ով հրավիրվել էր Վրաստան և նստել ԱԺ ղեկավարի աթոռին, հասարակությունը չհանդուրժեց ռուս քաղաքական գործչի այդ քայլը, ինչպես նաև մեղադրեց իշխանությանը ռուս քաղաքական գործիչներին Վրաստանում նման արտոնություններ տրամադրելու համար։ Եթե նույնիսկ քաղաքական էլիտան գնում է որոշակի զիջումների, հասարակությունը դեմ է և իր կարծր դիրքորոշումը ցույց տվեց։ Կարծում եմ՝ չկան կարգավորման հիմքեր՝ հատկապես վերջին իրադարձություններից հետո»,- ասաց Մենագարիշվիլին։

Նա նշեց, որ ռուս-վրացական պատերազմը փորձություն էր նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը, լինելով Վրաստանի հարևանն ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, կարողացավ իր շահերը ճիշտ պաշտպանել երկու կողմերի մոտ։ «Դա գնահատելի էր և պահպանվել է հետագայում ևս»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ ռուս-վրացական պատերազմը փոխեց տարածաշրջանի անվտանգությունը, այն դարձրեց էլ ավելի խոցելի, ցույց տվեց, թե ինչ սպառնալիքի կարող է ենթարկվել տարածաշրջանը Ռուսաստանի կողմից։

«Կարծում եմ՝ սա դաս էր մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար և կարևոր էր, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանի հետ հարաբերությունները ևս սերտ են, կա Ղարաբաղյան հակամարտությունը, այդ գոտում Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը, որը ևս չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունությանը։

Այսինքն՝ այս պատերազմում Ռուսաստանը  բացահայտեց իր իրական դերակատարությունը տարածաշրջանում, իսկ առանձին երկրներն արել են, թե կանեն իրենց հետևությունները, դա արդեն այդ երկրների ղեկավարությունների գործն է։ Բայց, կարծում եմ՝ հասկանալի դարձավ, որ տարածաշրջանի անվտանգությունը չի կարելի վստահել միայն Ռուսաստանին։ Մենք խոսում ենք 11 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից, բայց այս տարածաշրջանում ինտենսիվ գործընթացները շարունակվում են, և մենք նոր զարգացումներ ենք արձանագրելու»,- ասաց Մենագարիշվիլին։

 

Տեսանյութեր

Լրահոս