Բաժիններ՝

«Սարսափում եմ այն մտքից, որ շուտով եղանակները փոխվելու են». Երևանի ամենամեծ մարզադպրոցի վերանորոգման համար ծնողներն ու սաները դիմում են կառավարությանը. անհրաժեշտ է մոտ 400 միլիոն դրամ

Շենգավիթի Համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ծայրահեղ անմխիթար վիճակի հետ կապված՝ մարզադպրոցի սաները և նրանց ծնողները դիմում են Կառավարությանը՝ խնդրանքով, որ մարզադպրոցն արտահերթ վերանորոգվի:

Նրանց փոխանցմամբ՝ պայմանների վատ լինելը հատկապես ձմռանն է շատ հստակ պատկերվում, երբ սկսվում է կտուրի ձյան ծածկույթի հալչելը:

Մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ  դպրոցում տարիներ շարունակ վերանորոգում չի արվել:

«Տարածքն այնքան մեծ է, որ մենք չենք հասցնում ամբողջը վերանորոգել: Հենց անձրևները գալիս են՝ բոլոր դահլիճները թրջվում են, դրա համար որոշեցիք դիմել կառավարությանը, որ մեր դպրոցն արտահերթ վերանորոգվի: Հասկանում ենք, որ շատ խնդիրներ կան, բայց սա Երևանում միակ պետական դպրոցն է, որ մեծ տարածք ունի, ու մեր միջոցներով ամբողջովին չենք կարողանում վերանորոգել: Ամբողջ շենքը 5200 քմ է, 2000քմ էլ բակային տարածքն է: Երևանում նման մեծության պետական դահլիճներ չկան:

Այս 4 ամսվա մեջ, ինչ ես տնօրեն եմ, 5 միլիոնի չափով տնտեսում ենք արել, զուգարանները, հանդերձարաններն ենք վերանորոգել, բայց դահլիճներ կան, որ միլիոնների ծախսեր են պահանջում: Շենքը 400 միլիոնի նախահաշիվ ունի. առաջին հերթին կտուրը պետք է վերանորոգվի, այն գրեթե չկա, ինչքան անձրև գալիս է՝ լցվում է ներսը: Միայն կտուրը վերանորոգելու համար մոտ 35 միլիոն է պետք: Այսինքն, պատերն անգամ եթե մեր միջոցներով վերանորոգենք՝ մեկ է, փչանալու են»,- նշեց Դավիթ Ֆահրադյանը:

Նրա  փոխանցմամբ՝ մարզադպրոց է հաճախում մոտ 1200 երեխա, իսկ անձրևների ժամանակ մի տեղ դույլ են դնում, մի տեղ՝ ուրիշ տարա, ու այդ պայմաններում շարունակում են պարապել:

«Հույս ունենք, որ հովանավորներ էլ կգտնվեն ու կօգնեն, որ ավելի արագ լուծվեն դպրոցի հետ կապված խնդիրները: Տարիների ընթացքում քայքայվել է նաև հատակը, այն լրիվ փտել է: Փետրվարին տեսել եմ, թե այստեղ ինչ է կատարվել, ու սարսափում եմ այն մտքից, որ շուտով եղանակները փոխվելու են, ու անձրևներն են սկսվելու»,- եզրափակեց մարզապրոցի տնօրենը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս