Վրաստանի արևմուտքում կառուցվող երկաթուղու աշխատողները գործադուլ են հայտարարել
Վրաստանի արեւմուտքում կառուցվող Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղու մոտավորապես 60 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի անվտանգությունը եւ ժամանակին արձակուրդ ու աշխատավարձ տրամադրել: Այդ մասին ասված է երկաթուղայինների նոր արհմիությունների հայտարարության մեջ:
Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղային տեղամասի շինարարությամբ, որի երկարությունը կազմում է 40 կիլոմետր, զբաղվում է «Չինական երկաթուղու 23-րդ բյուրո» ընկերությունը, դրա կառուցումը պետք է ավարտվի 2019 թվականին:
«Խոսքը վերաբերում է անվտանգության միջոցներին, արձակուրդներին եւ աշխատավարձը ժամանակին վճարելուն: Աշխատողները հրաժարվում են աշխատանքը վերսկսել մինչեւ իրենց պահանջների լիակատար բավարարումը: Դրա հետ մեկտեղ, նրանք թույլ չեն տա աշխատանքը շարունակել չինացի աշխատակիցներին: Ներկայում բանակցություններ են ընթանում»,-ասված է նոր արհմիությունների հայտարարության մեջ: Ավելի վաղ արհմիությունը հայտնել էր, որ 5 հազար երկաթուղայինների մասնակցությամբ ընդգրկուն գործադուլ է սկսվելու աշխատավարձը կրկնակի ավելացնելու պահանջով:
«Վրացական երկաթուղիներ» ընկերությունում «պոպուլիստական» են որակել աշխատակիցների աշխատավարձերն այդ չափով բարձրացնելու պահանջը, նշելով, որ 2020 թվականի մարտի 1-ից բոլոր աշխատակիցները 10 տոկոսով ավելի աշխատավարձ են ստանալու: Գործադուլների սկսվելու ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: Ընդամենը Վրացական երկաթուղում աշխատանքի է տեղավորված շուրջ 12 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: