Բաժիններ՝

Պակիստանը դատապարտել է Ջամուի և Քաշմիրի նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու Հնդկաստանի որոշումը

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում: Այդ մասին հաղորդվում է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:

«Պակիստանը վճռականորեն դատապարտում է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի վերաբերյալ Հնդկաստանի կառավարության հայտարարությունը,-ասված է հաղորդագրության մեջ:-Ինչպես հետեւում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը:

Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը: Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի:

Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամուն եւ Քաշմիրը հատուկ ինքնավարություն ունի, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի եւ մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը: Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար է պետականին եւ այլն: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում:

Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ, Հնդկաստանի իրավապահ մարմինները Ջամուի եւ Քաշմիրի նահանգի առավել ազդեցիկ երեք քաղաքական գործիչների տնային կալանքի տակ են վերցրել նահանգում զինված ուժերի ավելացման եւ Քաշմիրի հարթավայրից հեռանալու՝ զբոսաշրջիկներին ու ուխտավորներին ուղղված կառավարության կոչերի ֆոնին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջամուի եւ Քաշմիրի հնդկական նահանգի կառավարությունը նախազգուշացում է հրապարակել զբոսաշրջիկների եւ Ամարնաթհ-Յատրա քարանձավ ուխտագնացություն կատարող հավատացյալների համար՝ կոչ անելով հեռանալ Քաշմիրի հարթավայրից ահաբեկչական սպառնալիքների մասին հետախուզությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ: Բացի այդ, անցած շաբաթ երկրի կենտրոնական մասից լրացուցիչ տարածաշրջան են փոխադրվել շուրջ 35 հազար զինվորականներ:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, օգոստոսի 4-ի ուշ երեկոյան կալանքի տակ են վերցվել «Ջամուի եւ Քաշմիրի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» ղեկավար եւ նահանգի նախկին գլխավոր նախարար Մեհբոոբա Մուֆթին, նահանգի ընդդիմության ղեկավար Օմար Աբդուլան եւ «Ջամուի եւ Քաշմիրի ժողովրդական խորհրդաժողով» կուսակցության առաջնորդ Սաջադ Լոնեն: Նաեւ նշվում է, որ առանձին շրջաններում արգելափակվել է մուտքը Համացանց, չեղարկվել են պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում, ժողովների եւ հանրահավաքների անցկացումն արգելված է:

Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատականներին աջակցելու մեջ: Իսլամաբադն այդ մեղադրանքները մերժում է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս