Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն շարունակելու է համագործակցել ԱՇԿ-ի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվամիջոցը:
«ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն, որպես մեկ դաշինքի ներկայացուցիչներ՝ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ժողովրդի կողմից ստացել են վստահության քվե, և մենք պարտավոր ենք արդարացնել ժողովրդի սպասելիքները: Մենք միասին նոր քայլեր ենք ձեռնարկելու՝ թուրքական ժողովրդավարությունը զարգացնելու համար: Շատ ենք կարևորում հետընտրական այս չորս տարիները»,- հայտնել է Էրդողանը:
Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց կուսակցությունները մասնակցում էին երկու դաշինքով: Իշխող ԱԶԿ-ն ԱՇԿ-ի հետ ձևավորել էր «Ժողովրդական դաշինք»-ը, իսկ ընդդիմադիր ուժերի համախմբումից ձևավորվել էր «Ազգային դաշինք»-ը: Ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել «Ժողովրդական դաշինք»-ը, և նախագահ է ընտրվել ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: